Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված Արթուր Սուքիասյանի ընտանիքին ու նրա ծնողներին փոխանցել իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրի ոսկե մեդալը։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Դեսպանն Արթուրի ծնողներին հանձնեց իրանցի մարզիկի կողմից որպես հարգանքի տուրք նվիրաբերված ոսկե մեդալը»,– նշված է հաղորդագրությունում։
Դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկը որոշել է իր ոսկե մեդալը նվիրել 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։
Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել բարեկամական հարաբերություններ։
Հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին էր հանձնել իր ոսկե մեդալը՝ Արթուր Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։