Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

Այսօր, Հայկական բանակի օրը, երբ արցախյան պատերազմից հետո ԶՈւ–ն ծանր ժամանակներ է պարում, մենք մեր քաղաքացիներին ուզում ենք հիշեցնել այն հերոսների մասին, որոնք պայքարում ու չեն հանձնվում։ Այս պատմությունը 30-ամյա մայոր Անդրանիկ Մեսրոպյանի մասին է։

Մայորի տանը մեզ դիմավորում են նրա ամենաերիտասարդ ու կարգապահ «զինվորները»` որդիներ Ավետիսն ու Դավիթը։ Անդրանիկը խիստ հայր չէ, բայց պահանջկոտ է։ Ավագ որդին 6 տարեկան է, նա լավ հասկանում է` ով է հայրն ու պատմում է ընկերներին հոր սխրանքների մասին։ Իսկ Դավիթն ընդամենը 2.5 է, նա նույնիսկ մատներով է դժվարությամբ ցույց տալիս, թե քանի տարեկան է։  Տեսնելով, որ հայրը պատրաստվում է ինչ–որ բան պատմել` երեխաները հարմար դիրք են ընդունում և սկսում լսել մեր զրույցը։

Անդրանիկը փոքր հասակում է որոշել  զինվորական դառնալ`  մոտավորապես Ավետիսի տարիքում և ոչ մի օր չի զղջացել դրա համար, նույնիսկ Արցախում թեժ մարտերի ժամանակ։ Խոստովանում է`էլ ավելի շատ է սկսել սիրել իր մասնագիտությունը, իսկ այսօր փորձում է օգնել ղեկավարությանը վերլուծել այն պատճառները, որոնք հանգեցրին պարտության։  Նա չի կարծում, որ հայկական բանակը պարտվել է, քանի որ համոզված է` ինչպես ինքը, այնպես էլ իր մարտական ընկերներն իրենց առջև դրված խնդիրները հիանալի են կատարել։

«Ադրբեջանցի զինվորը մեզ չի հաղթել։ Այդ մասին գիտեն ինչպես իրենք, այնպես էլ մենք` բոլորս։ Կգա ժամանակ և շատ բան կպարզվի, բայց ես նախկինի պես ինձ ուժեղ ու հաղթանակած բանակի սպա եմ համարում։ Ու Բանակի տոնը նշելու եմ ինչպես նախկինում, հարգելու եմ զոհվածների հիշատակն ու ավարտին հասցնելու նրանց գործը», – ասում է նա։

Մայորը պատերազմ է մեկնել հոկտեմբերի սկզբին։  Նա նախապես զգուշացնում է, որ չի պատմելու, թե որ ուղղությամբ է կռվել և ինչ մարտական խնդիրներ է կատարել, բայց խոստովանում է` ամենասարսափելին մարտական ընկերների կորուստն էր։

Անդրանիկը պատերազմի մասին սկզբում զուսպ ու չոր է պատմում, բայց երբ սկսում ենք հարցուփորձ անել զոհված մարտական ընկերների մասին սեղմում է բռունցքն ու աչքերը լցվում են արցունքով։

«Շատ ընկերներ եմ կորցրել, բայց ամենացավալին վերջին կորուստն էր։ Ինձ հետ ամբողջ պատերազմն անցած զինվորը մահացավ հրադադարից մի քանի ժամ առաջ։ Նա ամբողջ պատերազմի ընթացքում ասում էր. «Պատերազմը կավարտվի այն ժամանակ, ես երբ կմեռնեմ»։ Այդպես էլ եղավ», – պատմում է նա ու դադար տալիս։

Անդրանիկն այցելել է զոհված բոլոր մարտական ընկերների  հարազատներին։ Եղել են դեպքեր, երբ անձամբ է հայտնել տխուր լուրը։  Հիմա աշխատում է կապ պահպանել բոլորի հետ և լրացնել այն դատարկությունը, որը մնացել է նրանց որդիների ու եղբայրների վախճանից հետո։

Մայորը ջանացել է մարտի դաշտից հնարավորինս շատ վիրավորներ և նույնիսկ զոհվածների մարմիններ դուրս բերել` թշնամուն չթողնելու համար։ Բայց եղել են դեպքեր, երբ հակառակորդի ռմբակոծությունների պատճառով չի հաջողվել դա անել, սակայն մարտական գործողությունների ավարտից հետո Անդրանիկն օգնել է զոհվածների աճյունների որոնման հարցում։

«Զոհվածների ծնողներին միշտ ասում եմ, որ հիմա ես նրանց համար որդի եմ լինելու, կարող են ինձ զանգել, կիսվել իրենց վշտով ու խնդիրներով։ Նրանք հիմա մեր կյանքի մասն են, իսկ մենք` նրանց», – ասում է նա։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am