«Երկնքի տիրակալ»-ը. պատերազմում անմահացած Ռաֆիկ Օրդոյանը 2 տասնյակից ավել ԱԹՍ է խոցել

Արցախյան պատերազմը մեզնից տարավ  լավագույններին, նրանցից մեկն է Ռաֆիկ Օրդոյանը՝ «երկնքի տիրակալ»-ը: Այս անունը նրան տվել էին զինակից ընկերները՝ մոտ 3 տասնյակ անօդաչու խոցելու համար: Ռաֆիկ Օրդոյանը ավարտել էր  Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի հակաօդային պաշտպանության ֆակուլտետը։ Մինչ այդ սովորել էր Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանում, կիսատ թողնելով ուսումը՝ զորակոչվել բանակ, ապա  ուսումը շարունակել Ավիացիոն համալսարանում՝ դառնալով մեր բանակի լավագույն  սպաներից մեկը: «Արիության», «Անդրանիկ Օզանյան»,  «Մարտական  ծառայության» մեդալներով պարգևատրված 26-ամյա ավագ լեյտենանտը մինչև վերջ  հավատարիմ մնաց հայրենիքին տված երդմանն ու  անձնազոհաբար կռվեց: Անգամ  պատերազմի դաշտում կարողանում էր ուշադիր, հոգատար ու ռոմանտիկ լինել իր սիրելիի հետ՝ ծանր մարտերն անգամ չէին խանգարում, որ զանգահարեր, հույս տար, որ ամեն ինչ լավ է լինելու:

Freenews.am-ի հետ զրույցում   Ռաֆիկի նշանածը՝ Ալինան, վերհիշում է հերոսի հետ ապրած երջանիկ օրերն ու պատմում.

«Մոտ 2 տարի է, ինչ նշանադրվել էինք, այս տարի էլ պիտի ամուսնանայինք, պատերազմից  օրեր առաջ արդեն տուն էինք գնել, պատրաստվում էինք: Ռաֆիկը շատ հայրենասեր էր, առհասարակ, ինչ  գործ էլ որ անում էր, անում էր մեծ նվիրումով ու եռանդով, պատերազմի ժամանակ էլ  հնարավորություն է ունեցել  մարտի դաշտից գնալ տուն, սակայն դա տևել է ժամեր, ընդհամենը լոգանքի, իրեն կարգի բերելու համար: Ոչ մի րոպե մտքով չի անցնել թողել մարտի դաշտը, մի քանի ժամ մնալուց հետո նորից շտապում էր ճակատ, ասելով որ դավաճանական արարք  է այնտեղ չլինելը:  Լավատեսական տրամադրություններ ուներ, ասում էր, որ շատ ապահով տեղում է, միշտ ասում էր՝ որ ինքն ամենաուշադիր սպան է»:

Ալինան պատմում է՝  չնայած որ Ռաֆիկը զինվորական էր, բայց արվեստագետին բնորոշ ռոմանտիկ խառնվածք ուներ, գտնվելով Արցախում՝ իր համար միշտ անակնկալներ էր անում՝ սերենադ, ծաղիկներ:  

«Իր զոհվելուց 2 օր առաջ իմ ծննդյան օրն էր, ինձ համար տորթ ու ծաղիկներ էր ուղարկել: Ռաֆոն զոհվեց, բայց իր նվիրած ծաղիկները դեռ մեր տանը դրված են: Հաղթանակին չէր էլ կասկածում, 44 օր հերոսաբար կռվեց ու զոհվեց նոյեմբերի 9-ին»-պատմում է Ալինան:

freenews.am