Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում

Sputnik Արմենիայի սյունակագիր Նաիրի Հոխիկյանը արցախյան 2–րդ պատերազմի օրերին եղել է առաջնագծում, դարձել մարտական գործողություների ականատեսն ու մասնակիցը։

2020թ․ սեպտեմբերի 27-ը կիրակի էր։ Առավոտյան 9-ին արթնացա զարթուցիչի ձայնից և ինքնաբերաբար ձեռքս մեկնեցի հեռախոսին։ Լրահոսը տնքում էր պատերազմի բոթի ծանրությունից․ «Առավոտյան 7։30-ին Ադրբեջանը հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկայնքով․․․»։

Հոկտեմբերի 2-ին հերթական անգամ գնացի զինկոմիսարիատ՝ ճշտելու, թե երբ կարող եմ մեկնել Արցախ։ Հերթական անգամ ասացին, թե կկանչեն. պետք է մնալ բնակության վայրում և սպասել։

Հոկտեմբերի 3-ին ընկերս ասաց, որ Արցախում լուրջ կարիք կա թիկունքային կամավորական աշխատանքի։ Մարդկային ռեսուրսները չեն բավականացնում։ Կապ հաստատեցի Արցախում այդ հարցերի համակարգողներից մեկի հետ։

Հոկտեմբերի 6-ին մեր ջոկատով արդեն Արցախի ճանապարհին էինք։

11 հոգի էինք։ Վարորդը Շուշիի մոտակայքում ասաց, որ իրեն շտապ հետ են կանչում, հետևաբար, մեզ պետք է իջեցնի հարմար մի տեղ։

Իսկ մենք այդ ժամանակ թշնամու հրետակոծության տակ էինք։ Գիշերը ժամը 3-ին քայլելով հասանք Ստեփանակերտի առաջին տներին և տեղավորվեցինք մեկում։ 5։30-ին մեր ջոկատի Արշակի հետ քայլեցի դեպի շտաբ։ Ծանոթացանք փոխգնդապետ Յարամիշյանի հետ, որը պետք է համակարգեր մեր ծառայությունը։ Կանչեց Ռուսաստանից Արցախ եկած Շալվա անունով մի վրացահայի՝ խնդրելով, որ մեքենայով մեր ջոկատի մյուս ընկերներին տեղ հասցնի։ Նստեցինք Շալվայի մեքենան և շարժվեցինք։ Մի քանի փողոց անցնելով՝ ընկանք հրետակոծության տակ։

Մի կերպ հասանք ընկերներիս թաքստոց, մեքենան կանգնեց պատսպարված վայրում, որ իրերը բերենք: 1-2 րոպեում հասցրինք տեղավորվել և նույն արագությամբ մեկնել շտաբ: Տեղավորվեցինք ապաստարանում: Չկար ինտերնետ, էլեկտրականություն, հեռախոսակապը գրեթե բացակայում էր: Յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ հնչում էր օդային տագնապը:

Շուշին մեր ամենակարևոր առաջադրանքներից մեկի վայրն էր։ Բերդաքաղաքը գրեթե դատարկ էր։ Այնտեղ մի հատուկ պահեստ կար։ Առաջադրանք կատարելիս ծանոթացա արցախցի Սամվելի հետ։ ՏՏ ոլորտի ռուսախոս տղա էր։ Զրուցելիս լսում էինք երկնքում պտտվող թշնամական ԱԹՍ-ի ձայնը։ Դա այնքան սովորական էր դարձել, որ այլևս ուշադրություն չէինք դարձնում։

Ձայնից միայն տարբերում էինք, որ հարվածային անօդաչու է, ինչ-որ տեղ պիտի ընկնի։ Եկավ բեռնված մեքենան։ Անցանք առաջադրանքի կատարմանը, հանկարծ լռեց թշնամու ԱԹՍ-ի ձայնը։ Հասկացանք, թե ինչ է մեզ սպասում։ Մի քանի վայրկյան լռությունից հետո լսվեց ընկնող ԱԹՍ-ի ուժգնացող շարժիչի ձայնը։

«Бегом-бегом…»,-գոռաց Սամվելը, և բոլորս հասկացանք, որ թշնամու թիրախի էպիկենտրոնում մենք ենք։ Ամեն մեկս վազեցինք մի կողմ՝ փորձելով պատսպարվելու տեղ գտնել։ Մեր ջոկատի Հայկի հետ մտա պարկերի արանքը։ Մինչ թշնամու դրոնը կհարվածեր, փակեցի աչքերս և սկսեցի խավարի մեջ փնտրել անորոշությունից եկող մահվան շունչը։

Այդ պահին լսվեց կրակոց։ Եվս մի քանի վայրկյան, և լսեցինք ընկնող ԱԹՍ-ի պայթյունի ձայնը։ Մեր ու թշնամու ԱԹՍ-ի միջև ընկած տարածությունը մեկ բարակ պատ ու մի քանի մետր էր։ Արագ դուրս եկանք թաքստոցից։ Քիչ այն կողմ հաղթական կանգնած էին Շուշիի հակաօդային պաշտպանության զինծառայող 18-20 տարեկան տղաները։ Վերջին վայրկյաններին հասցրել էին թիրախավորել թշնամու դրոնն ու մի քանի մետր փոխել հարվածի ուղղությունը։ Դրանք մետրեր էին, որոնք փրկեցին մեր կյանքը։

Վերադարձանք մեր տեղակայման վայր։ Միացրի հեռախոսս։ Ստացած կարճ հաղորդագրությունների մեջ նկատեցի ուսանողական ընկերոջս՝ Վահեի նամակը․ «Քեզ լավ նայիր, եղբայր։ Չզոհվես հանկարծ, չեմ ների։ Մենք գնում ենք հատուկ առաջադրանքի։ Մի օր կհանդիպենք»։

Վահեն ինձնից ավելի վաղ էր կամավոր մեկնել Արցախ։ Հարավում էր։ Երբ իմացավ, որ Արցախում եմ, առաջին նախադասությունն էր՝ անպայման կապրես, սա ապրելու կռիվ է․․․ Պատերազմի ընթացքում 2 անգամ խոսեցինք։ Միմյանց մանրամասներ հաղորդելու հնարավորություն չունեինք, 1-2 բառով ասում էինք, որ դեռ ողջ ենք։

Վահեն, սակայն, մնաց հատուկ առաջադրանքի վայրում։ Ես չհասցրի զգուշացնել, որ ինքս էլ չեմ ների, եթե նա զոհվի։ Ընկերոջս մահվան լուրը ստացա իր ծառայակցից․ «Վահեին թշնամու դիպուկահարն է սպանել։ Չկարողացանք կյանքը փրկել։ Հիմա տանում ենք Գորիս»։

Մի քանի րոպե քայլեցի մութ փողոցում` հրետանու արկերի խուլ, հեռվից լսվող ձայների ներքո։ Ի՞նչ կլինի մեզ հետ վաղը, երբ արդեն մե՛նք կատարենք մեր հերթական հատուկ առաջադրանքը․․․ Դրսում սառը օդ էր։ Դա օգնում էր սթափվելուն։ Մեր ջոկատի Խորենն ուժեղ ատամնացավ ուներ, օրեր շարունակ չէր կարողանում քնել, բայց մասնակցում էր բոլոր առաջադրանքների կատարմանը։

Մենք բոլորս պատրաստվում էինք հաջորդ առաջադրանքի կատարմանը…

armeniasputnik.am