35-45 հազար մարդ է զրկվել տանիքից․ Մարտիրոսյանն այն մասին, թե երբ ուշքի կգա Արցախը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարծում է, որ ռուս խաղաղապահներն ու Արցախի իշխանությունն ամեն ինչ անում են պատերազմի հետևանքները հաղթահարելու համար։

Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում պատմել է, թե որքան ժամանակ է հարկավոր Արցախը վերականգնելու համար, որտեղից է իշխանությունը պատրաստվում միջոցներ հայթայթել դրա համար և թե ինչով կարող են օգնել ռուս խաղաղապահները։ Նա նաև պատմել է, թե ինչ խնդրանքով է իր կառավարությունը դիմել ՌԴ-ին։

– Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական սրացումից հետո ԼՂՀ-ն բախվեց լրջագույն ճգնաժամի, որի հետևանքները հավանաբար դեռ երկար տարիներ կզգացվեն։ Ո՞րն է այս ճգնաժամից դուրս գալու ձեր ռազմավարությունը, և որո՞նք են դրա հիմնական առաջնահերթությունները:

-Նախևառաջ պետք է նշել, որ Արցախի Հանրապետությունն ու նրա բնակչությունը իսկապես հայտնվել են մարդասիրական ճգնաժամի առաջ։ Պատերազմական գործողությունների հասցրած վնասն առաջին հերթին անդրադառնում է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա։ Այդ թվում՝ ենթակառուցվածքային օբյեկտների, քաղաքացիների սեփականության, ինչպես նաև այլ տարրերի վրա, որոնք ապահովում են բնակչության նորմալ կյանքը։

Հակառակորդի հասցրած վնասն ուղղակի հսկայական է։ Այսօր աշխատանքներ են ընթանում դրանց դրամական գնահատական տալու ուղղությամբ, բայց արդեն կարելի է ասել, որ այն համադրելի է հանրապետության մի քանի տարվա ՀՆԱ-ի հետ։ Դա առաջին հերթին վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան։

Քանի որ տարածքների մեծ մասը ռազմական գործողությունների հետևանքով անցել է հակառակորդին կամ գրավվել, մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական հողերի և էներգետիկայի օբյեկտների մեծ մասից։ Քաղաքացիների սեփականության մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական և գյուղատնտեսական տեխնիկա, նույնպես կա՛մ ոչնչացվել է, կա՛մ մեր վերահսկողությունից դուրս է մնացել։

Այնպես որ Արցախի տնտեսության վերականգնման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։ Վերջին տարիներին մեզ հաջողվել էր բավական լավ տնտեսական ցուցանիշների հասնել։ Օրինակ` 2019թ-ին մեր ՀՆԱ-ի ծավալը մեկ շնչի հաշվով գերազանցել էր 4,8 հազար դոլարը, ինչը տարածաշրջանի համեմատ միջինից բարձր էր։ Հիմա մենք ակնհայտորեն ստիպված ենք սկսել եթե ոչ զրոյական, ապա շատ ցածր դիրքերից։ Ես կարծում եմ, որ մեզ բավականին երկար ժամանակ պետք կլինի, եթե ոչ տարիներ՝ վերականգնելու համար այն ցուցանիշները, որոնց արդեն հասել էինք։ Սակայն ես վստահ եմ, որ մենք կհասնենք դրան։

-Ի՞նչ աղբյուրներից եք ֆինանսներ ներգրավելու տնտեսության վերականգնման համար։

-Մենք շատ ուղղություններով ենք աշխատում` բյուջետային և ոչ բյուջետային միջոցներ, բարեգործական հիմնադրամներ, սփյուռք, ինչպես նաև այլ աղբյուրներ, որոնք մեզ օգնություն են առաջարկում։

– Ռուսաստանը կարո՞ղ է այդ ուղղությամբ զգալի օգնություն ցուցաբերել։

-Անկասկած։ Ռուսաստանն այսօր էլ է աջակցություն է ցուցաբերում։ Կուզեի նշել մի քանի կարևորագույն ոլորտ։ Ինչպես արդեն ասացի, պատերազմի հետևանքով հանրապետության բոլոր գլխավոր օբյեկտները վնասվել են։ Ինչ-որ պահի մենք մնացել էինք գրեթե առանց էներգամատակարարման ու գազամատակարարման, ինչպես նաև առանց կապի։ Էներգամատակարարման գլխավոր ուղիների վերականգնման հարցում մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելությունը։

Քանի որ այդ ուղիների մի մասն անցնում էր սահմանին շատ մոտ կամ մեր վերահսկողությունից դուրս մնացած տարածքով, խաղաղապահները մեզ իսկական օգնություն ցուցաբերեցին անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև տեխնիկական օգնություն, որը թույլ տվեց օպերատիվ կերպով վերականգնել դրանք։ Այս պահի դրությամբ դրանք վերականգնված են գրեթե ամբողջական ծավալով, և մենք արդեն կարողացել ենք ապահովել և՛ կայուն էներգամատակարարումը, և՛ արտաքին աշխարհի հետ կապը։

Ճիշտ է, ներքին ցանցերը դեռ լիովին վերականգնված չեն, և այդ ուղղությամբ մենք նույնպես աշխատում ենք։ Այստեղ ևս մեզ պետք կլինի Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների օգնությունը։

-Ըստ ձեզ` որքա՞ն ժամանակ պետք կլինի ԼՂՀ-ն նախապատերազմական իրավիճակին վերադարձնելու համար։

-Ինչպես արդեն ասացի, հսկայական վնաս է հասցվել, և այդ պատճառով ես կդժվարանամ ինչ-որ հստակ ժամկետներ նշել։ Մեր ամբողջ ներուժը մի քանի տարով հետ է շպրտվել։ Մեծ ջանքեր պետք կլինեն, որպեսզի կարողանանք վերականգնել ու զարգացնել մեր տնտեսությունը։

Մյուս կողմից՝ մեր կրած կորուստների հետևանքով հնարավորություն է ստեղծվել մաքուր էջից սկսելու այն ոլորտների զարգացումը, որոնք մեզ թույլ կտան առավել բարձր արդյունքներ ստանալ հնարավորինս սեղմ ժամկետներում։ Դա առաջին հերթին վերաբերում է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը, էներգետիկայի նոր տեսակներին, տեղեկատվական տեխնոլոգիաների որոշ ոլորտներին։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am