«Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք, Նիկոլ». Առուշանյանը` ճանապարհին ադրբեջանական դրոշների մասին

Գորիսի քաղաքապետը գրել է, որ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն երկրի համար լուրջ սպառնալիք է։

. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղը Սյունիքի մարզ այցելության հետ կապված գրառում է կատարել՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին կանգնած ադրբեջանցի զինվորներին։

«Նիկոլ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ  ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք  Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել  ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։ Էսօր դու քո ձեռքով թշնամուն նվիրեցիր արյունով պահված պատմական հողը, մեր բնակավայրերը տարար թուրքի բերան», – գրել է նա։

Գորիսի քաղաքապետը նշել է, որ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն երկրի համար լուրջ սպառնալիք է։

«Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք. Որոտանի, Շուռնուխի, Խնձորեսկի  բնակիչներին այսքանից հետո դեռ պիտի համոզես, որ իրենց անվտանգությունը մազից չէ՞ կախված։ Մենք ամեն րոպե կիլոմետրով  հող ենք կորցնում ու մեր ժողովրդին տանում կործանման», – գրել է նա։