Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 700 բնակչի

Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի այլ բնակավայրերում:

 Արցախի 700–ից ավելի բնակիչներ, այդ թվում՝ 79 երեխա, Ռուսաստանի պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում ստացել են որակյալ բուժօգնություն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատուկ նշանակության բժշկական ջոկատի (МОСН) խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքն ապահովելու համար։ Անցած օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ճարտար բնակավայրի 95 բնակիչների։

«Շարժական հոսպիտալում որակյալ թերապեւտների, վիրաբույժների եւ այլ մասնագիտացված մասնագետների զննումից հետո դիմած բոլոր քաղաքացիները ստացել են կոնսուլտացիաներ և անհրաժեշտ նշանակումներ, – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեղի բնակիչների գանգատները կապված են հիմնականում խրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ, նաև ատամնաբուժական ծառայությունների կարիք է զգացվում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

armeniasputnik.am