Ինչո՞ւ Սեմյոն Պեգովը պատերազմը ներկայացրեց հայկական կողմից

«WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե ինչու է պատերազմը ներկայացրել հայկական կողմից.

«Որովհետև ես եղել եմ Արցախում մինչև պատերազմի ակտիվ փուլի մեկնարկը: Ես միշտ մասնագիտական հետաքրքրություն եմ ունեցել չճանաչված պետությունների նկատմամբ, Աբխազիայում եմ ապրել 4 տարի՝ 2008-ից-2012 թվականներին»,- ասել է Պեգովը՝ հավելելով, որ Արցախ է գնացել ոչ այնքան ռազմական, որքան վավերագրական ֆիլմ նկարելու և հենց Արցախում է իմացել, որ այդուհետ Ադրբեջան այցելելու հնարավորություն իր համար չկա:

Ըստ ռազմական լրագրողի՝ հետո արդեն պատերազմն է սկսվել և ժամանակ չի եղել Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու, ինքն Արցախ է շտապել: Ադրբեջանական կողմից սպառնացողներ են եղել, բայց եղել են նաև մարդիկ, որոնք ասել են, որ կապահովեն մուտք Ադրբեջան, այդ թվում՝ առաջնագիծ.

«Ես ասացի, որ դա կարող է մեզ հետաքրքրել այն դեպքում, երբ առաջնագիծ մուտք ունենանք, քանի որ մենք քաղաքացիական թղթակիցներ չենք, ովքեր գնում են ասուլիսների, մեզ հետաքրքրում է հենց մարտադաշտում աշխատանքը: Ադրբեջանական կողմից խոստացան դա ինչ-որ կերպ կազմակերպել, ես պատրաստ էի, եթե անգամ անձամբ չգնալ, ապա թղթակից ուղարկել, կար մարդ, որը պատրաստակամություն էր հայտնել գնալ, բայց ոչ մի ռեակցիա ադրբեջանական կողմից չեղավ, ինչպես գիտենք, ադրբեջանական կողմը փաստացի չի թողել, որ լրագրողները մուտք ունենան առաջնագիծ, ես մեկ-երկու ռեպորտաժ եմ միայն տեսել, երբ նկարահանումները հենց առաջնագծում էին: Կարծեմ, թուրքական հեռուստաընկերություն էր, «Եվրանյուզը»՝ մեկ անգամ, և երևի ադրբեջանական ինչ-որ ալիքներ: Ինձ համար անիմաստ է մարդ ուղարկել Բաքու, որը կգնա ասուլիսների մասնակցելու: Աշխարհը փոխվել է, ասուլիսներին հետևել և գրառումներ անել արդեն հնարավոր է ոչ մի տեղ չգնալով»,- հավելել է Պեգովը ու նաև նշել, որ հետո ադրբեջանական կողմից գործողություններն էլ ավելի ագրեսիվ են դարձել: Հետախուզում է հայտարարվել, գրեթե ահաբեկչի որակում են իրեն տալիս, ինչը ժամանակին արել է ուկրաինական կողմը:

«WarGonzo» նախագծի հեղինակը եզրափակել է, որ իր ընտրության հիմքում, ըստ էության, ոչ այնքան իր անձնական, որքան Բաքվի՝ հակամարտության նկատմամբ ունեցած վերաբերմունքն է եղել:

freenews.am