«Իմ տղան ինքնասպան է եղել, որ գերի չընկնի, նա արել է այն, ինչ պարտավոր էր անել». Շուշիում մահացած, երեք տանկ խոցած Նարեկ Բադալյանի հայր

«Իմ տղան արել է այն, ինչ պարտավոր էր անել: Ցանկացած հայ տղամարդ պարտավոր է պահել մեր հայրենիքը, կանանց, էրեխեքի կյանքը: Ինքը պարտավոր էր դա անել, իրավունք չուներ հակառակն անելու»,-Aravot.am-ի հետ զրույցում, վիշտը հազիվ զսպելով, ասաց Շուշիում մահացած Նարեկ Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը: Նարեկ Բադալյանը ծնվել է 2001-ին՝ Էջմիածնի Ծաղկալանջ գյուղում: Սկզբում ծառայել է Գյումրիում, այնուհետև սերժանտ Նարեկ Բադալյանը տեղափոխվել է Արցախ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում Նարեկը եղել է թեժ կետերում՝ Հադրութում, Շուշիում՝ Քարինտակում: Նարեկը խոցել է երեք տանկ:

Վերջին անգամ նոյեմբերի 7-ին՝ իր ծառայության 10-րդ ամսում, նա հեռախոսով խոսել է իր հորեղբոր տղայի և ընկերոջ հետ: Մինչև նոյեմբերի 16-ը ընտանիքը ոչ մի լուր չի ունեցել Նարեկից: Այդ օրն են իմացել նրա մահվան մասին: Նարեկի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին՝ իր ծնողների ամուսնության 20-րդ հոբելյանի օրը: Արման Բադալյանն էլ է պատերազմի օրերին դիրքերում եղել: Ցանկացել է տղայի մոտ գնալ, բայց Նարեկը դեմ է եղել: Հայրը պատմեց. «Նարեկը չի թողել, ասել է՝ ինքը գա մոտս, ես իրեն պահե՞մ, թե ինձ: Մտածել է՝ ես պիտի խանգարեի իրեն, բայց ես հաստատ չէի խանգարի: Երնեկ ես գնայի իմ տղայի մոտ, քանի որ չէի թողնի փախնեի: Նարեկը Շուշիում՝ Քարինտակում է եղել, 70 հոգով են եղել, բոլորը փախել են, մնացել են 15 հոգով: Որդուս հետ անընդհատ կապի մեջ էի: Սկզբում ասաց՝ պա′պ, 15 հոգի ենք, հետո ասաց՝ պա′պ, 8 հոգի ենք: Հարցրի՝ ընկերնե՞րդ են, ասաց՝ այո, ասացի՝ հանկարծ չթողնես, ասաց՝ պապ, էս ի՞նչ ես ասում: Դրանից հետո էլ ինձ հետ չի խոսել: Իր ընկերոջն է զանգել, հրաժեշտ տվել և մեկ էլ իր եղբորս տղային է զանգել, հրաժեշտ տվել»:

Արմեն Բադալյանն այդ խոսակցությունից որոշ մանրամասներ հիշեց. «Եղբորս տղան ասել է՝ ախպեր կարո՞ղ ես դուրս գալ, ասել է՝ ցավդ տանեմ ո՞նց դուրս գամ, դեմն իրենք են, հետևն իրենք: Ու ի վերջո իմ տղան ինքնասպան է եղել: Ինքը եղբորս տղային ասել է, որ ոտքից վիրավոր է: Մեզ իրեն նորմալ վիճակում են բերել: Նարեկիս վզի վրա կրակոցի տեղ կա՝ միակ տեղը: Ես որ տեսա, ափիս մեջ պատկերացրի՝ ինչ է եղել: Իմ տղան ինքնասպան է եղել, որ գերի չընկնի: Իմ տղան արել է այն, ինչ պիտի աներ: Ու ես պարծենում եմ իրենով»:

Արման Բադալյանն ասաց՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն մի քանի օրից. բայց ինքը վստահ է, թե ինչպես է դեպքը եղել: Հայրն ասում է՝ մի մարդ չկա, որ Նարեկին չհարգի, չսիրի. «Ամբողջ գյուղը ցավ էր ապրում, պիտի իր հուղարկավորության օրը տեսնեինք… ոչ թե գյուղի մի երեխա է գնացել, այլ Նարեկն է գնացել: Իրոք, բոլորի համար Նարեկ էր»: Հայրը մի դրվագ պատմեց, որը ցույց է տալիս, թե բոլորն ինչքան են սիրում Նարեկին: Գյումրիի այն զորամասի խոհարարը, որտեղ Նարեկը չորսուկես ամիս է ծառայել, եկել, նրա շիրիմին կարմիր վարդեր էր դրել: Արման Բադալյանն ասում է՝ դա պարծանք է: Իր որդուն մեկ նախադասությամբ է նկարագրում. «Ինքը կյանքով լեցուն, ուրիշներին կյանք տվող տղա էր»: Արման Բադալյանը հպարտությամբ պատմում է՝ տղաս միշտ ասում էր՝ պիտի սովորեմ, ձեզ պահեմ, չեմ թողնելու, որ դուք աշխատեք: Նարեկի հորեղբոր դուստրը՝ Գայանե Բադալյանը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ Նարեկի հետ նույն տանն են մեծացել: Գայանեն այժմ երեխայի է սպասում, ու եթե որդի ունենա, անունը Նարեկ է լինելու, իսկ եթե դուստր ունենա, կոչելու են Նարե, քանի որ Նարեկն այդ անունն էր սիրում, և քույր ու եղբայր այդպես էին պայմանավորվել: Գայանեն արցունքն աչքերին պատմեց՝ Նարեկը լույս է, ասաց, որ չի ուզում իր եղբոր մասին անցյալ ժամանակով խոսել.

«Նա լուսավոր մարդ է, նրան բոլորն են սիրում: Պետք է տեսնեիք, թե ինչպես էին գյուղի բնակիչները հուղարկավորության օրը նրան ձեռքերի վրա տնից գերեզման տանում»:

Նարեկն իրենց տան մեծն է. հարազատ քույրը 17 տարեկան է, եղբայրը՝ 11: Գայանեն հիշեց՝ Նարեկը չէր սիրում կոստյում հագնել, բայց երբ Վերջին զանգի օրը հագել է, մորն ասել է՝ գնամ բանակ, գամ, այնպիսի գործ եմ ընտրելու, որ միշտ կոստյումով լինեմ: Քույրը պատմեց. «Նարեկը մեծ նպատակներ ուներ, ամեն ձևով աջակցում էր իր ընտանիքին: Նա հումորով էր, բոլորին ուրախացնում էր, ինչքան էլ անտրամադիր լինեիր, իր հետ տրամադրությունդ բացվում էր: Ընկերասեր էր, միշտ ընկերներին էր հասնում նախ, հետո տան գործն անում»:

Գայանեն պատմեց՝ Նարեկի հետ Շուշիում կռված սպաներից մեկի հետ է խոսել, որը մինչև Նարեկի հետ դեպքը պատահելն է վիրավորվել. նրան տարել են հոսպիտալ: Երկու օր առաջ Գայանեին ասել է, որ Նարեկի հետ շրջափակման մեջ եղած տղաներից երեքը ողջ են մնացել, ցավոք, մյուսները զոհվել են: Նարեկը հայրը՝ Արման Բադալյանն ասաց՝ գյուղում պանթեոն է հիմնելու, բայց ցանկությունն է, որ այդտեղ միայն իր որդին լինի, այլևս զոհ չունենան: Արման Բադալյանն ինքն էլ և′ առաջին արցախյան պատերազմում է կռվել, և′ այս անգամ, բայց երբեք փառքի ու ճանաչման չի ձգտել: Սակայն ուզում է, որ իր որդուն բոլորը ճանաչեն. «Ես գնացել էի մեր հայրենիքի, մեր էրեխեքի համար: Երկու տղա ունեի դիրքերում՝ եղբորս ու իմ տղեն, Աստծուց խնդրել էի, որ իրենց կյանքի տեղը իմ կյանքը տանի: Բայց Աստված ինձ չլսեց, ու ես չգիտեմ՝ ինչ անեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/22/1153904/?fbclid=IwAR20NVSJn7ofM5mm2WEtGExc-n2lITEUclhSYszdyZCtpqz3AmhGAvKNCcM