Երկրաշարժերի շարքը ցնցել է Վրաստանը

Երեկ՝ ժամը 23.57-ին, երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Վրաստանի Օնի քաղաքի մոտակայքում`3,5 մագնիտուդով: Այդ մասին հայտնել է  Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:

Ցերեկը մեկ րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ էր տեղի ունեցել Վրաստանի տարբեր շրջաններում: Նախ` 18: 04-ին 10 կիլոմետր խորության վրա 3,5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Օնի քաղաքից (Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջան) 10 կիլոմետր հարավ։

Նույն ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը գրանցվել էր 18: 05-ին Սաչխերե քաղաքից (Իմերեթի շրջան) 10 կիլոմետր հեռավորությամբ: Այս անգամ էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:

Զոհերի ու ավերվածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Ամենահզոր երկրաշարժը ՝ 7 բալ , Վրաստանում տեղի է ունեցել 1991 թվականին Ռաճայի և Իմերեթիի շրջաններում (Արևմտյան Վրաստան): Աղետի հետևանքով մահացել է շուրջ 200 մարդ: Ավերվել է գրեթե 46 հազար տուն ու հազար արդյունաբերական օբյեկտ:

Նշենք, որ երեկ 4,2 բալանոց երկրաշարժ էր տեղի ունեցել նաև Ադրբեջանում: