Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմում հերոսաբար զոհված սերժանտ Ալեն Ստեփանյանը ժամկետային զինծառայող էր (1,3 ամիս ծառայում էր Հադրութում): Գյումրեցի հերոսը տան փոքր զավակն էր (երկու քույր ունի):
Գյումրեցի հերոսի մայրը՝ տիկին Մարգարիտը, նախքան որդու մասին պատմելը հպարտորեն ցույց է տալիս Ալենի պատվոգրերն ու մեդալները, որոնք Ալենը ստացել է թաեքվանդոյի առաջնությունների ժամանակ:
Ալեն Ստեփանյանի մայրը պատմում է, որ որդին դպրոցում լավ է սովորել, ուսուցիչները միշտ գոհ են եղել: Նույն պարտաճանաչությունը եղել է նաև քոլեջում սովորելու ժամանակ:
«Շատ պարտաճանաչ էր, եթե հանձնարարություն ունենար, անգամ կարող էր չքնել, բայց դա ավարտին կհասցներ: Ֆիզիկա առարկան էր շատ սիրում, գծագրությունից էր շատ լավ:
Քոլեջը տարկետում էր տրամադրել, որ ավարտեր, նոր գնար ծառայության, բայց Ալենը չհամաձայնեց:
Ուզում էր կրթությունը շարունակել, շատ երազանքներ ուներ»,- ասում է տիկին Մարգարիտը:
«Հետը հենց խոսում էի, ասում էր՝ աղջիկ գտե՞լ ես, որ գամ ամուսնանամ: Ասում էի՝ Ալեն, ինչո՞ւ ես շտապում, ասում էր՝ ուզում եմ երեխաներ ունենալ»,- պատմում է Ալենի քույրը՝ Մայան:
Հերոսի հարազատները պատմում են, որ ծառայության մեկնելուց առաջ Ալենը միշտ ասել է, որ ինքը Արցախում է ծառայելու. թե ինչու է ուզել հենց Արցախում ծառայել, երբեք չի խոսել այդ մասին:
«Մենք որ ասում էինք՝ Ալեն, երանի Հայաստանում լինի ծառայությունդ, ասում էր՝ ես Արցախ եմ ուզում, դուք իմ փոխարեն մի որոշեք: Ասում էինք՝ Ալեն, էնքան պիտի ասես, վերջը Արցախ ծառայես:
Ալենին սերժանտի կոչում էին տվել, նկարվել ուղարկել էր. Նկարը նայել էի, չէի նկատել կոչումը, զանգեց ասաց՝ ոչինչ չտեսա՞ր, ասացի՝ չէ, Ալ ջան… ասաց՝ ուրեմն ինձ սերժանտ տան, դու չտեսնես հա՞…»,- պատմում է Մայան:
Տիկին Մարգարիտի խոսքով՝ Ալենը շատ գոհ էր ծառայությունից, այնքան ոգևորված է պատմել ծառայությունից, որ տպավորություն է ստեղծվել, որ որդին ոչ թե ծառայության մեջ է, այլ գնացել է հանգստանալու:
«Ասում էինք՝ Ալեն ջան, այնպես ես նկարագրում, քիչ է մնում մենք էլ գանք քեզ մոտ:
Ալենը բարի էր, հոգատար, ուշադիր, հավասարակշռված, չափավոր և զուսպ, ուրիշ երեխա էր: Երբեք ցույց չէր տալիս զգացածը, բայց էնքան նուրբ էր հոգեբանությունը: 19 տարվա մեջ չեմ հիշում մի օր, որ թույլ տված լինի վրան բարկանամ»,- ասում է Ալեն Ստեփանյանի մայրը:
«Սմերչ գցած օրը՝ սեպտեմբերի 27-ի իրիկունը, Ալենը զանգեց, խոսեցինք, ուրախ էր, տրամադրությունը բարձր, ցույց չէր տալիս, որ նման բան է եղել: Ասում էի՝ Ալեն, հեռուստացույցով տեսել եմ՝ ինչ է եղել, ասում էր՝ ոչ մի բան էլ չկա, եսիմ ինչ են ցույց տվել, խառնվել եք իրար: Էստեղ ամեն ինչ հանդարտ է, նորմալ:
Ամսի 30-ին լուր չունեինք Ալենից, զանգեցինք հրամանատարին՝ ներքին հեռախոսով խոսեցինք… ասաց՝ մամ, ուղղակի կապ չկա, որ զանգեմ խոսենք, մի խառնվեք իրար, էստեղ հանգիստ է:
Մեզ ասել էին, որ վիրավոր է Ալենը: Զանգեցի իրենց հրամանատարին, ասաց, որ Ալենը ողջ է, բայց կողի հատվածում վիրավորվել է, ուրիշ բան չի եղել իրեն: Ասաց՝ Ալենը վիրավոր եկավ, ես շտապօգնության մեքենայում պառկեցրի ու ֆելդշերի հետ ուղարկեցի Մարտունի: Երկու օր անցավ, Մարտունիում Ալենից տեղեկություն չկար: Հրամանատարի հետ կապ հաստատեցինք, ասաց, որ Ֆիզուլի են Ալենին տեղափոխել, և հնարավոր է, որ կարևոր օրգան վնասված լինի: Ես ուրախացա, մտածեցի՝ վիրավոր է, անգիտակից վիճակում է: Դա վերջին անգամն էր, որ խոսեցինք հրամանատարի հետ, ինքն էլ էր մահացել»,- պատմում է հերոսի մայրը:
Ալենի քույրը՝ Մայան, ասում է, որ Ալենը չէր ասում, որ դիրքերում է. ասում էր՝ զորամասում հերթապահ եմ, չեմ կարող խոսել, բայց ինքը այդ պահին դիրքերում է եղել:
«Ասաց՝ գնամ ճաշարան գամ կզանգեմ: Ասացի՝ Ալեն, խնդրում եմ, հենց հնարավորություն ունեցար, անպայման զանգի: Ասաց՝ հա, կզանգեմ, մի վախեցեք: Ամենավտանգավոր տեղն է եղել, որտեղից հնարավոր չէր փրկվել:
Ամուսնուս ասել էր՝ գնացել ենք առաջ, մեր դիրքերը հետ ենք վերցրել: Տանը չասես, որ ես դիրքերում եմ: Հետը խոսելուց զգում էինք, որ դիրքերում է»,- ասում է Ալենի քույրը:
Գյումրեցի 19-ամյա հերոսի մայրն ասում է՝ չի հաշտվում որդու կորստի հետ, ամեն օր սպասում է, որ այս ամենը կավարտվի:
«14 օր հույսով սպասում էինք, որ կգտնենք Ալենին, մինչև վերջին օրը հույսներս չէինք կորցնում: Ասում էին՝ Արցախում բունկերներ կան, ես էլ պատկերացնում էի, որ չեն հասցրել հիվանդանոց, բունկերների մեջ են պահում: Միշտ այդ հույսը կար իմ մեջ, որ էդտեղից պիտի գտնենք:
Սուրբ Հովհաննես բարձրացա, շունչս կտրվում էր, բայց մտածում էի, որ բարձրանալուց է, այդ օրը շատ վատ էի զգում, բայց չէի հասկանում ինչից է… Ալենիս դեպքը հենց այդ օրն է տեղի ունեցել:
Հետո սիրտս հանգիստ էր, ես բոլորին ասում էի, որ կգտնենք, Ալենը վիրավոր է: Մեր հարազատները, ովքեր հաստատ գիտեին, որ Ալենը չկա, ես այնքան էի ասել, որ Ալենը ողջ է, կգտնենք, որ արդեն իրենք էլ էին հավատում, որ կգտնենք:
Մինչև հիմա էլ ես չեմ հավատում… Ուղղակի չէի ուզենա, որ մեր որդիների թափած արյունով ձեռք բերված հողը նորից հետ վերցնեն: Մեր երեխեքը այնտեղ զոհվեցին, և եթե իմանամ, որ Հադրութը վերցրել են, դժվար կլինի»,- եզրափակեց Ալեն Ստեփանյանի մայրը:
Հերոսի քույրը պատմում է, որ Ալենին գտնելուց հետո իրենց մյուս քույրը՝ Գայանեն, երազում Ալենին է տեսել, Ալենն ասել է. «Ուզում եմ, որ բոլոր ծնողները գտնեն իրենց կորած երեխաներին, ինչպես ինձ գտան»…
Անահիտ Չալիկյան