«Զոհված եղբորս հեռախոսի մեջ մի տեսանյութ կար, որը նկարվել էր դեպքից կես ժամ առաջ, այս տեսանյութում իրենք, կարծես, իրենց հրաժեշտի խոսքն են ասում». Հովհաննես Խոդերյանի եղբայր (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Հովհաննեսի եղբայրը՝ Կարեն Մկրտչյանը:
«Շատ խելացի, համեստ երեխա էր: Հովոս 22 տարեկան էր, 2 տարի էր, ինչ ավարտել էր ժամկետային զինծառայությունը»,– ասաց Կարենը:

Վերջինս հայտնեց, որ  երկու եղբայր տարբեր ժամանակահատվածներում են կամավորագրվել. «Միջնեկ եղբայրս ավելի վաղ էր մեկնել առաջնագիծ՝ հոկտեմբերի 4-ին, իսկ փոքրս՝ ամսի 12-ին: Այնպես ստացվեց, որ միջնեկ եղբայրս ուրիշ տեղ ընկավ, փոքրը՝ ուրիշ, բայց միջնեկ եղբայրս գնաց Հովոյիս մոտ, որ միասին լինեն»,– նշեց Հովհաննեսի եղբայրը:

Կարենը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ երկու եղբայր միասին են ընկել շրջափակման մեջ. «Երեխեն, երբ ինձ զանգեց, ասեց, որ շրջափակման մեջ են, ես արդեն գիտեի՝ ինչ է կատարվելու: Սկզբում Հովհաննեսը վիրավոր էր, ընկերը օգնեց, մի փոքր իջեցրեց Հովհաննեսին, բայց հետո, երբ իրեն էլ վիրավորեցին, ինքը գլորվեց, էլ չկարողացավ օգնություն ցույց տալ Հովհաննեսին»,- ասաց նա:

Հովհաննեսի բջջայինը ներկա պահին գտնվում է Կարենի մոտ, ինչի շնորհիվ էլ նա կարողացել է տեսնել եղբոր վերջին տեսանյութը. «Եղբորս բջջայինը մնացել էր իր վիրավոր ընկերոջ մոտ ու երբ հանդիպեցինք, այն փոխանցեց ինձ: Այդ հեռախոսի մեջ մի տեսանյութ կար, որը նկարվել էր դեպքից կես ժամ առաջ: Տեսանյութում երկու եղբայրներս են, միջնեկիս հաջողվել է, փրկվել, բայց Հովհաննեսիս՝ ոչ: Այդ տեսանյութում իրենք, կարծես, իրենց հրաժեշտի խոսքն են ասում»,- եզրափակեց Կարեն Մկրտչյանը:

Զվարթ Պետրոսյան

աղբյուրը՝ lurer.com