Արցախում մարտական գործողությունների ժամանակ նահատակված 21-ամյա Արամո Կարենի Թորոսյանը սովորել է Արթիկի 4-րդ հիմնական դպրոցում։ Այստեղ աշխատում է նաև նրա հայրը։ Դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանն ու նրա ուսուցիչները Aravot.am-ին պատմեցին, որ Արամոն բանակ էր գնացել հունվարին, ութ ամսվա զինծառայող էր, նա սովորել է Արթիկի քոլեջում, զբաղվել է սպորտով։
«Այս պահին դեռ շատ բան չգիտեք մեր հերոսի սխրագործությունների մասին, միայն իմացել ենք, որ հրամանատարը հորեղբոր որդուն ասել է՝ Արամոն մի վայրկյան անգամ չի նահանջել, մինչև վերջ հաղթելու մոլուցքով առաջ է գնացել։ Դպրոցական տարիներից էլ հայտնի էր, որ մեծ կամք ունեցող, ակտիվ, ժիր ու հումորով տղա էր։ Նա ծնողների մինուճար զավակն էր, այս ընթացքում հաճախակի է զանգել ՝ հորը հույս տալով, թե հանկարծ չմտածեք, մենք շատ լավ ենք, չկասկածեք՝ հաղթելու ենք։ Ասել է՝ պապ ջան, քո տարիքի մարդիկ են հոգ տանում մեզ, շատ ապահով, հոգատար ձեռքերում ենք»։