Ողբերգական դեպք. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է տղամարդու վրա

Սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամաարդու դի կա:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը և Կոտայքի մարզի դատախազ Գոռ Խանզրադյանը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի գլխավորութամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարը տրակտորիստի հետ փորձել են ուղղել և տրակտորիստի՝ կոշով այն բարձրացնելուց հետո խաչքարն ընկել է Ա. Կ.-ի վրա, ինչից հետ էլ վերջինս տեղում մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: