2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն

Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:

Կառավարությունն առաջարկում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում:  

Դա թույլ կտա ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: 

Փոխվելու է տեխնիկական զննության պարբերականությունը. «Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր՝ տարեկան մեկ անգամ:

Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխզննում կանցնեն մինչև 10 տարեկանը՝ տարին մեկ անգամ, դրանից հետո՝ տարին երկու անգամ: Եթե կարգը խախտվի, ընդհուպ կարող է լիցենզիայից զրկում լինի»: 

Նախագծի հարակից զեկուցող իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատարյանը նշեց, որ օրենքի ընդունման դեպքում այլևս տեխզննման կտրոնը չի փակցվելու ավտոմեքենայի հողմապակուն այն պարտադիր չի լինելու, սակայն տեխզննման փաստացի անցկացումը դառնում է պարտադիր. «Պետք է ասեմ, որ սոցիալական բեռի ավելացում չի լինելու, լինելու է հակառակը:

Եթե հիշում եք, տեխզննությայն կտրոնի համար քաղաքացին վճարում է 2500 դրամ: Ես հետաքրքրվել եմ, որ այդ կտրոնի արժեքն ընդամենը 27 դրամ է»:  

Պատգամավորի խոսքով,  եթե տեխզննության կտրոնի պահանջը հանվում է, 2500 դրամը դառնում է ավելորդ ու չի վճարվելու:

Աղբյուրը՝ ipress.am