Վարորդները դեղատների կանաչ խաչն այլևս չեն շփոթի լուսացույցի լույսի հետ. ԱԺ-ն նախագիծ է ընդունել

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գործընկերներիս՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի և իմ կողմից շրջանառության մեջ դրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն ընդունվեցին ամբողջությամբ։ Նոր իրավակարգավորումների համատեքստում կառավարությանը ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահվել է կարևոր լիազորություն՝ վերահսկողություն իրականացնելու դեղատների լիցենզավորման ենթակա և նախկինում կարգավորման չենթարկված գործունեության նկատմամբ՝ նպաստելով բնակչության առողջապահության ոլորտում անվտանգության ապահովման բարձրացմանը:

Բացի դրանից՝ նախագծի ընդունման արդյունքում խաչմերուկների հարակից տարածքում գտնվող դեղատների կանաչ խաչ նշանը կտեղադրվի այնպես, որպեսզի բացառվի վարորդների կողմից լուսացույցի կանաչ լույս նշանի հետ շփոթելու վտանգը, ինչը, իր հերթին, կնպաստի ավտոճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազեցմանը»: