21-ամյա բիզնեսմենը. ո՞վ է Սևանի ամենամեծ ափի՝ White Shorja-ի գրանցված սեփականատերը և ինչ առնչություն ունի «Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի և վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ (ֆոտո)

Tert.am-ը գրում է.

Վերջերս սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածվեցին Սևանա լճի ափին գործող White Shorja կոչվող լողափի խնջույքից ու Գոռ Սուջյանի մենահամերգից, որին մասնակցում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ընդ որում, նա այդ հաստատության աշխատանքային տարածքում էր՝ համակարգչի դիմաց:

Առերևույթ էր, որ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները խախտված են. բազմաթիվ մարդիկ՝ առանց դիմակների էին, հնչում էր կենդանի երաժշտություն ու չէր պահվում սոցիալական հեռավորություն:

Մամուլը գրեց, որ այդ լողափը պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին, Ոստիկանությունն ու Սննդի անվտանգության տեսչական մարմինը հաջորդ օրն այցելեցին նշված տարածք, Հայկ Սարգսյանը գրառում արեց, որ տուգանվել է 10 000 դրամով՝ դիմակ չդնելու համար, ինչպես նաև ներողություն խնդրեց պարետատնից ու քաղաքական թիմից:

Ինչ վերաբերում է բիզնեսն իրեն պատկանելու մասին լուրերին, Հայկ Սարգսյանը գրել էր, որ լողափն իրեն չի պատկանում, լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Ինչ վերաբերում է խախտումներին, ապա Սննդի անվտանգության տեսչությունը հայտարարեց, որ ամենախիստ պատիժն է սահմանվել. White Shorja հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով:

Իհարկե, բաց մնացին հետևյալ խախտումները. կենդանի երաժշտություն, տնտեսվարողին տուգանել՝ առանց դիմակի քաղաքացիներ տարածքում ունենալու համար, մենահամերգ կազմակերպելու համար և այլն:

Ինչևէ, Պետական եկամուտների կոմիտեի կայքում White Shorja անունով գրանցված տնտեսվարողի Tert.am-ը չգտավ, և հարցում ուղարկեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, պարզելու համար, թե գրանցվա՞ծ է, թե ոչ ընկերությունը, ում անունով, երբվանից, հարկատո՞ւ է, թե ոչ:

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է. «Գրությամբ նշված «White Shorja» անվանումը կրող լողափում գործունեություն է իրականացնում անհատ ձեռնարկատեր Արտյոմ Արկադիի Մելքումյանը (ՀՎՀՀ 75451062, գրանցման համար 74.1132654), ով պետական հաշվառում է ստացել 18.06.2020թ֊ին և համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Անհատ ձեռնարկատերը 29.07.2020թ. դրությամբ ունի գրանցված վարձու աշխատողներ և ՀՀ Կառավարության սահմանված կարգով գրանցված նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա, որով արտացոլվում է իրացման շրջանառությունը:

Գրությամբ խնդրարկված՝ վճարված հարկերի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական հաշվառման օրվանից հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը դեռ չի լրացել՝ պայմանավորված անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկման հատուկ համակարգում գործունեություն իրականացնելով»:

Թե քանի գրանցված աշխատող ունի Արտյոմ Մելքումյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների ցանկից պարզել չհաջողվեց, ՀՎՀՀ-ով որոնման արդյունքում կայքը որևէ տվյալ ցույց չի տալիս, ինչը, հավանաբար պայմանավորված է ՊԵԿ գրության մեջ նշված տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական հաշվառման օրվանից հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը չլրանալու հանգամանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ