Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումների հետևանքով միլիոնավոր մարդիկ զրկվել են աշխատանքից կամ ժամանակավորապես գործազուրկ դարձել, առավել հաջողակները ստիպված են աշխատել տնից: Բոլոր երկրների տնտեսությունները ճգնաժամի առջև են կանգնած, իսկ փարձագետներն ասում են` համավարակի հետևանքները հաղթահարելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Հայաստանում ևս շատ մարդիկ են զրկվել աշխատանքից, ոմանք՝ եկամուտների մի մասից: Իսկ ի՞նչ անել այդպիսի իրավիճակում՝ նստե՞լ և սպասել, դիմե՞լ պետության, բարեկամների և ծանոթների օգնությանը, հանել «սև օրվա» համար պահած խնայողություննե՞րը: Ոմանք ընտրում են այդ տարբերակները, իսկ մյուսները որոշում ընդունել խաղի նոր կանոններն ու, հարմարվելով ներկա պայմաններին, գտնել եկամտի այլ աղբյուրներ, ձեռք բերել նոր մասնագիտություն, վաստակել գումար հնարավոր թույլատրելի տարբերակներով:
PanARMENIAN.Net -ը զրուցել է այն մարդկանց հետ, ովքեր չեն վախեցել փորձել նորը, սկսել զրոյից ու չընկճվել:
Երբ տաքսու վարորդն իրոք բիզնես ունի, բայց չի պատմում ուղևորներին դրա մասին. Իկա Միլիտոսյան
«Սիրով» զարդերի խանութների ցանցի հիմնադիր Իկա Միլիտոսյանի բիզնեսն առաջիններից է, որ հայտնվել է հարվածի տակ. զարդերը համավարակի պայմաններում կենսական անհրաժեշտության ապրանքների թվում չեն, ուստի երևանյան թվով 13 խանութը մարտի 14-ից՝ ԱԴ սկզբից փակ են, իսկ մարտի սկզբից՝ ՀՀ-ում առաջին դեպքի գրանցումից ի վեր, աշխատել են 50%-ով: Իկան ստիպված գտել է եկամտի այլ աղբյուր:
«Հասկացա, որ եթե հիմա չփորձեմ ինքս օգնել իմ բիզնեսին, վաղը ստիպված կլինեմ աշխատողներին կրճատել: Այս ճգնաժամը խանութների բացվելով չի վերջանա, դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն գնել ոչ առաջին անհրաժեշտության իրեր: Ուստի արդեն 17 օր է, ինչ տաքսի եմ վարում», – պատմեց Իկան:
Նրա խոսքով՝ մինչ այդ դիմել է առաքում իրականացնող որոշ ընկերությունների, սակայն առաքչի աշխատանքի տեղավորվել չի հաջողվել, ասում է՝ գուցե մեքենայի թանկարժեք մակնիշի պատճառով մտածեցին, որ արդարացված չի լինի ծախսը:
«Հիմա գերխնդիրս աշխատողներին չկրճատել ու կարողանալ չաշխատած օրերի համար վճարելն է: Աշխատողներս 36-ն են, ու ծախսերը բավականին մեծ են: Իսկ եթե սրան գումարենք նաև տարածքի վարձակալությունն ու հարկերը, սարսափելի մեծ ծախս է դառնում: Առանց կողմնակի միջամտության շատ ավելի դժվար կլինի», – կարծում է «Սիրովի» հիմնադիրը:
Ասում է՝ այն վարորդներից է, ով իսկապես կարող է գլուխ գովել սեփական բիզնես ունենալով, սակայն երբեք ուղևորների հետ չի խոսում այդ թեմայով: Վարորդ դարձած բիզնես լեդին չի բողոքում նոր աշխատանքից, ասում է՝ պատվերները շատ են, ընթացքն էլ՝ հետաքրքիր:
«Ամեն պատվեր նոր պատմություն է, նոր տեսակետ, նոր կարծիք: Ինձ շատ է դուր գալիս, երբեք այսքան անծանոթ մարդկանց հետ չեմ շփվել: Ամեն պատվերին անհամբեր սպասում եմ, թե ով է լինելու ուղևորս, ինչ երաժշտություն կնախընտրի: Շատերն անձնական համար են խնդրում, երկրորդ, երրորդ անգամ զանգում. արդեն մշտական հաճախորդների բանակ ունեմ», – կատակում է Իկան:
Ասում է, որ խանութների վերաբացումից հետո դեռ 1 ամիս էլ հաստատ կաշխատի, իսկ հետագայում գուցե էլի զբաղվի այդ գործով, եթե ժամանակը ների:
Ճիշտ ժամանակին կանխատեսելու ու կողմնորոշվելու մասին. Հայկ Մեսսիա
Հայկն արդեն 7 տարուց ավելի է՝ ՏՏ ոլորտում նախագծերի ղեկավարմամբ է զբաղվում: Վերջին շրջանում մի խոշոր ընկերության հավելվածի բիզնես խորհրադատուն էր, սակայն պանդեմիան ազդեց նաև այդ ոլորտի վրա:
«Մարտի կեսից սկսեցինք տնից աշխատել, առաջին շաբաթն աղետ էր, հետո սովորեցի, բայց մեկ է՝ երկար չտևեց, դուրս եկա այդտեղից: Իմ մասնագիտությամբ տնից աշխատելն այն չէ, ոնց որ լինես շեֆ խոհարար ու տնից ուտելիք պատրաստես», – ասում է Հայկը:
Պատմում է, որ վաղուց էր ուզում մի մասնագիտության տիրապետել, որը թույլ կտար ավելի մոբիլ աշխատել՝ ֆիզիկապես չգտնվելով աշխատավայրում և համատեղելով դա ճամփորդելու հետ:
«Դեկտեմբերի վերջում ընկերս պատմեց այս վիրուսի մասին և թե ինչ է կատարվում Չինաստանում: Ու ես կանխազգացում ունեցա, որ դա մեզ էլ կարող է հասնել, սկսեցի մտածել՝ ինչ կարելի է անել, որպեսզի ոչ մեկից կախում չունենամ ու աշխատեմ՝ որտեղից ուզեմ։ Udemy-ով օնլայն կուրսեր անցա ու շատ արագ սովորեցի WordPress-ի վրա կայքեր հավաքել։ Կողքից կինս էլ հավեսի ընկավ ու միացավ ինձ, հիմա կայքեր ենք պատրաստում», – պատմում է Հայկը:
Ասում է, որ պանդեմիայի սկզբից արդեն արել էր բոլոր հաշվարկները, ու իր ընտրած տարբերակն ամենաէֆեկտիվն է: Պլանավորում է հետագայում խորացնել գիտելիքները ու շարունակել նույն ոլորտում:
Երբ տուրիստական սեզոնը չի բերում տուրիստ. Սեյրան Յայլախանյան
Սեյրանը 2019-ի ամռանը հոսթել էր բացել քաղաքի կենտրոնում: Առաջին տուրիստական մեծ ալիքից հետո եկավ ձմեռը, որը եկամտաբեր սեզոն չէ, բայց Սեյրանը հույս ուներ, որ գարունն իր հետ կբերի տուրիստներ ու գումար, իսկ գարունը սկսվեց պանդեմիայով ու կարանտինով:
«Չնայած ծանր հանգամանքներին, հատկապես ձմռանը, երբ տուրիստական սեզոնն ահավոր պասիվ էր` չփակեցի այն, հույսով, որ գարուն է գալու՝ թեժ է լինելու: Ձմռանը կորստով եմ աշխատել, բայց գարունը եկավ ու «հարամ արեց» ամեն ինչ: Երևի տուրիստական ոլորտն ու հյուրանոցային տնտեսության օբյեկտներն ամենաշատը տուժեցին այս վիրուսից: Հիմա արդեն բոլորիս էլ պարզ է, որ այս տարի տուրիստական սեզոնը կարող ենք դեռ չբացված՝ փակել, որովհետև ոչ ոք չի համարձակվի այլ երկիր մեկնել», – ասում է Սեյրանը:
Այդ պայմաններում էլ հենց որոշեց, որ պետք է նոր բիզնես հիմնել:
«Ի՞նչ է անում առողջ տղամարդը կարանտինային ազատ ժամանակ: Ճիշտ է՝ մտածում է: Ես էլ մտածեցի մաքրման ծառայություն բացել», – պատմում է նախկին հոսթելիերը:
Ըստ նրա՝ մաքրման ոլորտում մրցակցությունը բարձր չէ, ու դեռ ներքին պահանջարկն ամբողջովին բավարարելու խնդիր կա:
«Բոլոր ուժերս կենտրոնացրի մաքրման ծառայության մասին ավելի շատ տեղեկանալու վրա: Հիմա արդեն բացել եմ, ու մեր ծառայությունը զբաղվում է բնակարանների, օֆիսային տարածքների ու այլ նշանակության օբյեկտների մաքրմամբ: Հետագայում, եթե արդարացնի, կավելացնեմ նաև քիմմաքրումը», – ասում է Սեյրանը՝ հավելելով, որ անպայման կպահպանի նորաստեղծ ընկերությունը, իսկ հոսթելը կվերաբացի, եթե «աշխատելու գոնե 1% հավանականություն լինի»:
Նոր մասնագիտություն կարելի է ձեռք բերել անգամ վարկով. Եվգենյա Սարգսյան
Եվգենյան մինչև կարանտինն աշխատում էր սպորտային խանութում որպես վաճառողուհի: Սակայն մարտի 14-ից հետո զրկվել է եկամտից, թեև չի կորցրել աշխատանքը:
«Կարանտինից առաջ գրաֆիկ դիզայնի դասընթացների էի գնում, որպեսզի ծանոթանամ մասնագիտությանը: Մինչ այս պահը մասնագիտություն չեմ ունեցել:
Կարանտինի ընթացքում վարկ վերցրեցի ու անցա գրաֆիկ դիզայնի ինտենսիվ դասընթաց, ստացա վկայական, ու հիմա աշխատում եմ: Իհարկե, ոչ ստաբիլ եկամտով ու ոչ խիտ գրաֆիկով, բայց կարանտինի պարագայում, կարծում եմ, սա էլ վատ չէ», – ասում է Եվգենյան:
Նրա խոսքով՝ սա ամենահարմար ժամանակն է նոր բան սովորելու: Մինչև կարանտինը շատ դժվար էր աշխատանքի հետ համատեղել նաև դիզայնի դասընթացները: Ասում է, որ դեռ չի հրաժարվի վաճառողուհու աշխատանքից:
«Կվերադառնամ, բայց կշարունակեմ համատեղել դիզայնի հետ այնքան, մինչև հմտանամ նոր գործի մեջ ու վերջնական փոխեմ աշխատանքի ոլորտը», – նշում է Եվգենյան:
Ի՞նչ անել, եթե ունես տուրիստական ընկերություն, բայց չկա տուրիստ. Վահե Շահվերդյան
ՀՀ ամենախոշոր տուրիստական ընկերություններից մեկի՝ Beauty of Armenia Tour-ի հիմնադիր Վահեն զրկվել է ամեն տեսակի եկամտից: Ոլորտը դեռ երկար ժամանակ կաթվածահար կմնա, իսկ ապրուստի միջոցներ միշտ են պետք:
«Աշնանը լիներ այս ամենը, էլի մի կերպ «յոլա կգնայինք», բայց ծանր ձմեռվանից հետո այս ամենն ուղղակի ահավոր է», – ասում է նա:
Վահեն պետությունից 35,000 դրամի չափով աջակցություն է ստացել, բայց ասում է՝ հասկանում է ամեն բան, չի բողոքում:
«Ծանր ձմեռվանից հետո հայտնվել էի բանկային ուշացումների մեջ: Որոշ վարկային կազմակերպություններ ու բանկեր հաշվի չառան երկրում տիրող իրավիճակը, և այժմ պարտքերի պատճառով հայտնվեցինք «սև ցուցակում»: Իրավիճակից դուրս գալու ու ինչ-որ եկամուտ ստանալու համար թվային մարքեթինգով զբաղվող ընկերություն եմ հիմնել: Դեռ եկամուտ չի բերում, բայց միակ հույսս այժմ դա է», – պատմում է Վահեն:
Ասում է՝ 1500-ից ավելի տուրիստական գործակալություն է փակվել, և մեծ մասը դժվար էլ վերաբացվեն. ոլորտն ահռելի կորուստներ է կրում: Հույս է հայտնում, որ գոնե վերաբացումից հետո իր տուրիստականը կկարողանա աշխատել, քանի որ ներքին տուրիզմի առաջատարներից է:
«Կարանտինի ավարտը դեռ ոչինչ չի նշանակում: Մարդիկ էլ պետք է գումար ունենան, որ կարողանան օգտվել մեր ծառայություններից: Ինձ նման երիտասարդ գործարարներին ոչինչ պետք չէ, մենակ թե թույլ տան՝ աշխատենք, «սև ցուցակներից» էլ հանեն», – նշում է Վահեն:
Հույս ունի, որ նոր հիմնադրած ըներությունը գոնե մեկ ամսից կսկսի եկամուտ բերել:
Աղբյուրը՝ panarmenian.net