Ձեր փոխարեն ես ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից. Նաիրա Զոհրաբյանի պատասխանը նախարարին
Այս մասին ՀՀ Առողջապահության նախարարի գրառման մեկնաբանություններում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Պարոն Թորոսյան, մեր քաղաքական ուժով այդքան մի մտահոգվեք, դրա կարիքը, վստահեցնում եմ Ձեզ, հաստատապես չկա:
Իսկ այ կորոնավիրուսի դեմ տապալված պայքարով, այլևս անկառավարելի դարձած իրավիճակով ու այս ամենի համար ձեր բոլորի հավաքական պատասխան տալու ոչ նախանձելի հեռանկարով հաստատապես մտահոգվելու բան ունեք:
Բնականաբար, ես չէի էլ սպասում, որ կունենաք այդքան ուժ՝ ընդունելու ձեր բացթողումներն ու չանցնելու բանավեճի կոռեկտության սահմանը։ Դրա համար ոչ միայն դաստիարակություն է պետք, այլ նաեւ ձեր թիմի անսխալականության սինդրոմից ազատվելու ունակություն, ինչը, բնականաբար, չունեք։ Ամեն դեպքում՝ դիմակ կրեք, դիմակ:
Մի լրացում էլ անեմ` Ձեր փոխարեն ես ոչ թե կզբաղվեի քաղաքական ուժերի մոնիտորինգով, այլ ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից»,- գրել է նա: