«Գույքահարկի մասին» օրենքը քննարկելը ճգնաժամային իրավիճակում ժամանակավրեպ է: Այս իրավիճակում կառավարության խնդիրն է խթանել ներդրումները, բիզնեսի զարգացումը և այս պարագայում գույքահարկի օրենքը քննարկելը սխալ է. Tert.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Կարեն Ադոնցը:
«Գույքահարկը կապել կադաստրային արժեքի և շուկայական գնի հետ ու ամեն տարի վերանայելը սխալ է, ոչ մի երկրում նմա բան չի արվում: Որովհետև ճգնաժամային իրավիճակում անշարժ գույքի արժեքը կարող է կտրուկ անկում ապրի, պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ է նշանակում ամեն անգամ վերանայել, այդ կադաստրային արժեքը մոտեցնել շուկայական արժեքին և այլն, դա անիմաստ աշխատանք է, որը որևէ զարգացած երկրում չի կիրառվում»,-ասաց նա:
Տնտեսագետի կարծիքով՝ զարգացած երկրների հետ համեմատվելիս պետք է հաշվի առնել, որ այնտեղ վաղուց ձևավորվել է անշարժ գույքի շուկան և անշարժ գույք գնողները նախապես գիտեն հարկային տրամաբանությունը, գույքահարկը, հարկերը, իսկ Հայաստանում իրավիճակն այլ է.
«Մենք ունենք խորհրդային ժամանակաշրջանից եկած անշարժ գույքի որոշակի մաշվածություն և մարդիկ, որոնք սոցիալապես լավ վիճակոմ չեն գտնվում, բայց ապրում են կենտրոնում կամ ստացել են ժառանգություն և այս իրավիճակում ասել, որ Երևանի կենտրոնը պետք է լինի թանկ, մնացած հատվածներն ավելի էժան՝ սա խնդիր է: Այս պարագայում հնարավոր է ունենանք անշարժ գույքի գների ավելորդ անկում, որը կհարվածի նաև շինարարության ոլորտին: Մեզ պետք չէ, որ անկայունություն լինի անշարժ գույքի շուկայում: Ճգնաժամային իրավիճակում, եթե անկում ապրեցին գները, դա հարվածելու է հիփոթեկային գործընթացին և շինարարության ոլորտին, սա էլ մեկ այլ հարց է»,-նշեց նա:
Կարեն Ադոնցի կարծիքով՝ հաջորդ խնդիրն այն է, որ նոր օրենքը վերաբերում է ոչ միայն բնակելի շենքերին և շինություններին, այլ արտադրական շինություններին նույնպես:
«Այս գործընթացը սկսելը շուտ է: Լուրջ աշխատանք է պետք տանել որպեսզի մարդկանց կենսամակարդակը բարձրանա, գուքահարկը պետք է կապել կենսամակարդակի բարձրացման հետ: Եթե մարդկանց վճարունակությունը, եկամուտները չբարձրանան, ապա ցանկացած հարկատեսակ բերելու է ավելորդ հարկային բեռի և դա վնասելու է տնտեսությանը: Եթե վճարում եք թոշակառուին 30 հազար դրամ թոշակ, ու գույքահարկը բարձրացնում եք, ուրեմն տվեք գոնե նվազագույն աշխատավարձի չափ թոշակ»:
Հարցին, որ նախագծի հեղինակները պնդում են, որ ավագանին իրավունք ունի անհրաժեշտության դեպքում իրականացնել զեղչեր կամ վերացնել գույքահարկի գանձման չափը, տնտեսագետը նշեց, որ դա վարչական համակարգում առաջացնելու է ավելորդ քաշքշուկ, առավել ևս այն պայմաներրում, երբ անարդյունավետ են աշխատում համակարգերը:
«Մեզ պետք են հստակ օրենքներ, ոչ թե տալ հնարավորություն, որ մարդիկ որոշեն՝ ով է կարիքի մեջ, ով ՝ ոչ: Դա կոռուպցիոն ռիսկ է առաջացնում, որի փորձը ունենք: Դրա համար օրենքը պետք է լինի հստակ, պարզ, հասկանալի, միտված տնտեսության զարգացմանը, կապվի սոցիալական վիճակի և մարդկանց եկամուտների հետ:
Անդրադառնալով այն պնդմանը, որ փոփոխությունը տեղի է ունենալու 6 տարիների ընթացքում և այնքան սահուն է լինելու, որ դժվարություններ չի առաջացնելու, Կարեն Ադոնցը նշեց, որ քայլերը արդարացված կլինեին, եթե տնտեսության զարգացման կտրուկ աճի կանխատեսում լիներ, սակայն ճգնաժամային իրավիճակում չենք կարող նման վերլուծություններ անել.
«Ես կարծում եմ, որ 6 տարվա ընթացքում մեր տնտեսությունը ավելի ծանր իրավիճակում է հայտնվելու՝ արտաքին պարտքերի բեռի՝ տարբեր գործոններով պայամանավորված: Հնարավոր է անհրաժեշտություն լինի, որ հարկատեսակը նվազեցվի, որովհետև մենք չգիտենք ճգնաժամային իրավիճակում ինչքան կլինի անշարժ գույքի գինը կամ ի՞նչ ձևով կդրսևորվի շինարարությունը, բանկերը հետագայում կգնա՞ն հիփոթեկային վարկավորման, թե ոչ, այստեղ խնդիրներ կան, ո՞վ է դա կանխատեսել»,- նշեց նա: