Ֆեյսբուքի հայկական տիրույթում հունիսի 16-ին տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իբրև պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետությանը պետք է տարածքներ «վերադարձվեն»։ Տեսանյութով կիսվել էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ տեղեկացնելով իր լսարանին այդ հայտարարության մասին։
Հարկ է նշել, որ հիշյալ խոսքերը մոնտաժված և կոնտեքստից հանված տեսքով տարածվել է կեղծ (ֆեյք) օգտատիրոջ՝ Կոստանտին Պետրոսովի կողմից, որը Ֆեյբուքի «հնաբնակ» ֆեյքերից է. գործում է 2012 թվականից։ Վերջինս կիսատ է ներկայացրել 2018 թվականի սեպտեմբերի 13-ի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուապատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։
Այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ Արցախի Հանրապետության մասին հարցադրմանը, նշում է.
«Ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ, բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր և երաշխավորվեր ԼՂ-ի կարգավիճակի հարցը։ Եվ դուք դա գիտեք։ Եվ վերջին տարիներին, ինչքան մոտեցել ենք մենք 2018 թ-ին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ավելի ու ավելի մի կողմ է մղվել։
Ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները»։