Ի՞նչ է լինելու, եթե քննությունից առաջ դիմորդը ջերմություն ունենա․ նախարարը մանրամասնեց

Բուհերի ընդունելությունը լինելու է մեկ քննությամբ, և այդ միակ քննությանը ներկայանալիս դիմորդները պետք է լինեն դիմակով, ցանկալի է՝ նաև ձեռնոցով։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ դիմորդներին նախապես ջերմաչափելու են, և միայն ջերմություն չունենալու դեպքում դիմորդներին կթույլատրվի մասնակցել քննությանը։ Հարությունյանի խոսքերով՝ կենտրոններում էլ դիմորդները կախտահանեն ձեռքերը ու դիմակ կստանան անհրաժեշտության դեպքում։

Իսկ եթե դիմորդը ունի խնդիր և միշտ ունենում է ջերմություն, ապա, ըստ նախարարի, նա պետք է այդ մասին բժշկական տեղեկանքով ներկայանա քննության։

Ինչ վերաբերում է այդ օրը ջերմություն ունեցողներին, ապա նրանք չեն կարողանալու մասնակցել քննությանը։ Նախարարի խոսքերով՝ բարձր ջերմությունը արձանագրվելու է, ու դրա մասին տեղեկանքները տրվելու են կենտրոնների բժիշկներին ու կազմակերպիչներին։

Հարությունյանը նաև նշեց, որ քննական կենտրոնների դահլիճներում 1,5-2 մետր հեռավորություն է պահվելու՝ չնայած նրան, որ այդ կենտրոնները նաև օդափոխվելու են։ Դահլիճներում էլ նախորդ տարվա 240-ի փոխարեն այս տարի առավելագույնը 140 դիմորդ է լինելու։