Հայաստանում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում փակված շուրջ 70 հազար աշխատատեղից մայիսին 50 հազարը վերականգնվել է կամ բացվել: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փաստորեն, արձնագրվեց, որ 20 հազար քաղաքացիներ կան, որոնք կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են և նոր աշխատանք չեն գտել: Մենք որոշեցինք աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց: Ընդ որում հույս ունենք, որ աշխատատեղերի վերականգնման այս պրոցեսը կշարունակվի:
Ապրիլին արդեն արձանագրում էինք, որ տնտեսությունը գահավիժում է, և ինչքան էլ ծանր լիներ, մենք որոշեցինք, որ տնտեսական սահմանափակումները վերացնելու ճանապարհով գնանք: Եթե այդ որոշումը չկայացնեինք, գուցե մայիսի արդյունքներով արդեն փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 150 հազար աշխատատեղ: Կարևոր է, որ կարողանանք ի վիճակի լինել չվերադառնալ լոքդաունի, որովհետև դա հանգեցնում է տասնյակ հազարավոր աշխատատեղերի փակման՝ իր տնտեսական ու սոցիալական հետևանքներով:
Դա նշանակում է, որ նաև հարկերի հավաքագրման առումով խնդիրները կարող են խորանալ, ինչը կնշանակի, որ խնդիրներ կարող ենք ունենալ այդ թվում առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով»,- ասաց վարչապետը:
Աղբյուրը՝ blog.168.am