«Արամ Վարդևանյանը դեռ ուսանողական տարիներից սիրում էր գնդակը նետել իմ դաշտը». Տարոն Սիմոնյան

«Արամ Վարդևանյանը դեռ ուսանողական տարիներից սիրում էր գնդակը նետել իմ դաշտը, բայց այդ գնդակը երբ նետում էր, դա լավ արդյունք չէր ունենում: Նա իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է, բայց ես խնդրում եմ պարոն Վարդևանյանին, որ իրավաբանությունը քաղաքականության հետ չշփոթի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից դիմումը հետ վերցնելը չի ենթադրում, որ գործի քննությունը չի կայանալու հուլիսի 7-ին:

«Հետևաբար՝ իրենց կատարած քայլը քաղաքական էր և իրավաբանության հետ որևէ կապ չուներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում տեղի ունեցած գործընթացին, նա ասաց, որ այն հակասահմանադրական էր. «Սահմանադրությունը մի քանի կետով խախտվել է, և խախտվել է ոչ միայն Սահմանադրական փոփոխությունների ընդունման փաստով, այլ նաև ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթը փոխելու իմաստով, երբ սահմանադրական մի մարմինը՝ ի դեմս ԱԺ-ի, այն էլ՝ ԱԺ մեկ խմբակցության, սահմանադրական մեկ այլ մարմնի՝ հանրապետության նախագահի լիազորությունները կրճատում է: Մենք դրանից ենք մեր կամքը բյուրեղացրել, որ պետք է գնանք ՍԴ, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ կարելի է ՀՀ-ում Սահմանադրությունը խախտել և թողնել, որ այդպես մնա»: