Աբրահամ Մանուկյանի դեմ ցուցմունք տված անձը նախկինում տվել էր այլ ցուցմունքներ, հունիսի 15-ից հետո այն փոխել է. պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, ավարտվեց Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը. որոշումը կհրապարակվի 2 օրից։

NEWS.am-ի հետ զրույցում Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ այսօր Մանուկյանի ինքնազգացողությունը բավարար էր. նա դատարանում մեղադրանքի վերաբերյալ ելույթ է ունեցել։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Հրանտ Անանյանն անդրադարձավ Մանուկյանին առաջադրված մեղադրանքին։ Նա հայտնեց, որ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա. «Այդ անձը մինչեւ Աբրահամ Մանուկյանի դեմ ցուցմունք տալը հունվար-փետրվար ամսից մի 5 անգամ այլ ցուցմունք է տվել։ Երջանիկ արագությամբ եւ հանկարծակիությամբ հունիսի 15-ին սկսել է տալ այլ ցուցմունքներ։ Քրեական հետապնդման մարմնի համար դա դարձել է ցանկալի ցուցմունք։ Իր կողմից տրված արդեն հունիս 15-ին տրված ցուցմունքն էլ օգտագործվում է պարոն Մանուկյանի դեմ»։

Անանյանը նշեց, որ ցուցմունք տված անձի հետ մինչեւ այսօր առերեսում չի եղել. «Շատ անհասկանալի է, թե ինչու չի եղել է ցուցմունք տվողի հետ առերեսում, որովհետեւ քրեական հետապնդման մարմինը հունիսի 15-ից սկսած ուներ հնարավորություն առերեսում անելու։ Մանուկյանին ասում են՝ դու այդ մարդու գործունեությունն իբր համակարգել ես այլ անձի հետ միասին։ Մանուկյանն էլ ասում է՝ եթե համակարգել եմ գոնե այդ մարդու հետ մի անգամ պիտի հեռախոսով խոսեի»։

Պաշտպանը հայտնեց, որ ցուցմունք տված անձը վարույթն իրականացնող մարմնից կախվածության մեջ է. «Նա եւ՛ այս գործով, եւ՛ այլ գործով մեղադրյալ է. հունվար-փետրվար ամսից այլ գործով է նաեւ մեղադրյալ՝ կրկին ԱԱԾ-ում։ Նա կախվածություն ունեցող սուբյեկտ է»։

Պաշտպանը նշեց, որ առաջադրված մեղադրանքը վերաբերում է Մանուկյանի՝ պատգամավոր եղած ժամանակաշրջանին, հետեւաբար, Մանուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար պետք էր ԱԺ-ի համաձայնությունը.

«Արարք է վերագրվում, երբ ինքն այդ շրջանում պատգամավոր է եղել։ Մանուկյանի անձեռնմխելիության երաշխիքները նույնն են, ինչ որ Ծառուկյանի անձեռնմխելիության դեպքում է։ Ներկայիս Ազգային ժողովը պետք է համաձայնություն տար ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել կամ չիրականացնելու վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Աղբյուրը՝ News.am