Հարավային Դանիայի համալսարանի և Յոհանես Գուտենբերգի անվան Մայնցի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ պաշտպանիչ դիմակները 40 տոկոսով դանդաղեցնում են կորոնավիրուսի տարածման տեմպերը, հայտնում է բրիտանական The Times պարբերականը։
Նշվում է, որ ներկա պահին այս հետազոտությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում այս միջոցի արդյունավետությունն ապացուցող «ամենաներկայանալի» վերլուծությունն է։
Պարբերականը նշում է, որ գիտնականները որպես բնական փորձ հետազոտության համար կարողացել են Գերմանիայի ամբողջ տարածքում խանութներում և հասարակական տրանսպորտում դիմակ կրելու «անհամաչափ սահմանված» կանոններից օգտվել։
Այսպիսով՝ Գերմանիայում գիտնականների իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ բոլոր այն շրջաններում, որտեղ մարդկանց մեծ մասը պարտաճանաչ կերպով դիմակ է կրել, կորոնավիրուսի տարածման շատ ավելի դանդաղ տեմպ է գրանցվել։
Համավարակի ընթացքում դիմակ դնել-չդնելու հարցը բավականին վիճելի է։ Անգլիայում, օրինակ, այսօրվանից սկսած հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է, միևնույն ժամանակ՝ անցած շաբաթ այս որոշման վերաբերյալ համապատասխան հայտարարությունից հետո որոշ գիտնականներ, հիմնվելով դիմակների արդյունավետության վերաբերյալ դեռևս բավականաչափ ապացույցներ չունենալու հանգամանքի վրա, բուռն քննադատություններ էին հնչեցրել այս առնչությամբ։ Որոշ հետազոտողներ էլ, իրենց հերթին, կարծում են, որ առանց համոզիչ փաստարկների էլ պարզ է, որ անգամ տան պայմաններում պատրաստված դիմակները օդակաթիլային եղանակով վիրուսի տարածման համար խոչընդոտ են հանդիսանում:
Այսպիսով՝ ապրիլի 6-ին գերմանական Յենա քաղաքի խանութներում և հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է դարձել, ինչից հետո այստեղ վարակակիրների թիվը կտրուկ նվազել է։ Երկու շաբաթ անց նման միջոցառումներ են ձեռնարկել նաև Սաքսոնիայում, որտեղ կրկին նոր հայտնաբերված դեպքերի թվի անկում է գրանցվել։ Նշվում է, որ մի քանի օր անց արդեն պարտադիր կերպով դիմակ կրելու ռեժիմն ամբողջ երկրով մեկ է տարածվել:
Արդյունքում գիտնականներն այն եզրակացությանն են եկել, որ Յենայում համաճարակաբանական իրավիճակի բարելավումը զուտ պատահականություն չէ․ նրանց կարծիքով՝ վաղ փուլում սահմանված այս ռեժիմը 25 տոկոսով կրճատել է 20 օրվա ընթացքում վարակման դեպքերի ընդհանուր թիվը, միևնույն ժամանակ՝ 60 տարեկանից բարձր անձանց դեպքում այս ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը։