Ես կարծում եմ, որ երկրի այս սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մեղավորներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը` անդրադառնալով երկրում ստեղծված օրհասական վիճակին եւ համաճարակի բռնկմանը:
« Ինձ թվում է ինքը խելացի մարդկանցով շրջապատված չէ, եւ ինքն էլ շատ խելացի մեկն էլ չի, սովորական միջակ լրագող էր, ինչ-որ բան ուզում էր փոխել, եւ ես իսկապես հավատում եմ, որ նա ուզում է փոխել երկիրը դեպի լավը, բայց դե չի կարողանում անել: Փաստը մնում է փաստ, որ ոչ մեկին չի կարողանում բռնել, ոչ էլ նստացնել: Եվ դրա հետ միաժամանակ ունի ամբիցիաներ, եւ հենց այդ ամբիցիաների պատճառով էլ նա շատ երկար չի ղեկավարի այս երկիրը»,-նշում է նա:
Ռուբեն Հախվերդյանի համոզմամբ՝ երկու տարի առաջ ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել մեր երկրում, այլ իշխանափոխություն:
«Ես վստահությամբ ո՛չ Նիկոլին եմ վերաբերվում, ո՛չ Սերժին, ո՛չ Ռոբերտին եւ ո՛չ էլ Լեւոնին էի վերաբերվում, առհասարակ ես քաղաքական դեմքերի նկատմամբ երբեք վստահություն չեմ ունեցել: Իսկ ինչ վերաբերվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործողություններին, ապա միայն կարող եմ ասել, որ նա վարչապետ չի կարող լինել, եւ պարզապես վրեժ է լուծում Նիկոլից»,-հավելում է Հախվերդյանը:
Իսկ ինչ վերաբերվում է բաց եւ փակ տարածքներում դիմակների պարտադիր կրելուն, ապա մեր զրուցակիցը նշում է. «Այ մարդ, ինձ թվում է այդ պարտադիր դիմակ կրելը հիմարություն է, այս հիվանդությունն ազդում է հիմնականում շաքարային դիաբետ ունեցողների եւ թոքային թույլ համակարգ ունեցողների, բրոնխներից հիվանդների վրա, եւ ինձ թվում այս ամեն ինչը մի քիչ չափազանցված է, չնայած որ այդ հիվանդությունը կա»:
Աղբյուրը՝ Armlur.am