Վարչապետի ընտանիքում անհանգիստ են պապիկի համար

Այն պահից, երբ հայտնի է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով, ողջ իշխանական թիմում խուճապային տրամադրություններ են։ Բոլորը շտապում են թեստավորվել եւ առանց այն էլ պակասող թեստերի մի մեծ խմբաքանակ օգտագործվելու է կառավարության անդամների, աշխատակազմի, գործադիր տարբեր օղակների, պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի, որեւէ կերպ Փաշինյանի հետ կոնտակտ ունեցած անձանց թեստավորելու վրա։ Այս մեծ բանակից թեստավորվում են անգամ նրանք, ում մոտ որեւէ ախտանիշ չկա, մինչդեռ՝ շարքային քաղաքացիներին չեն թեստավորում, մինչեւ հստակ սիմպտոմներն առկա չլինեն։

Նիկոլ Փաշինյանի մերձավորների շրջանում մեկ այլ անհանգստություն էլ կա։ Վերջին շրջանում նրանց հետ էր բնակվում հայրը՝ Վովա Փաշինյանը, ում մոտ տարիներ առաջ ծանր հիվանդություն է ախտորոշվել, նա բուժվել է, բայց հիվանդության կրկնման հավանականությունը պահպանվում է եւ կորոնավիրուսով հիվանդանալը կարող է շատ բարդացնել նրա առողջական վիճակը։ Ավագ Փաշինյանի թեստի պատասխանը, մեր տեղեկություններով, դեռ չկա, բայց ընտանիքում շատ անհանգիստ են, քանզի 80-ամյա հայրիկի հանդեպ Փաշինյանը մշտապես հատուկ հոգածություն է դրսեւորել։Աղբյուրը՝ Hraparak.am