Երբ քաղաքացու՝ համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում, ուրիշ մեթոդ չգիտենք. Նիկոլ Փաշինյան

Երբ քաղաքացու՝ համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ուրիշ մեթոդ չգիտենք, մենք վարչական մեթոդներ ենք կիրառում, բայց մեր կառավարության ծագումնաբանությունը թույլ չի տալիս ամենադաժան դիկտատուրական մեթոդները կիրառել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ինչ արել են, արել են՝ հենվելով քաղաքացիների անհատական վարքագծի վրա և  գուցե իրենց սխալն այն է, որ առաջին օրվանից ուրիշների համար սահմանած կանոններն իրենք չեն պահպանել և հիմա այդ սխալը շտկում են և պահպանում կանոնները: «Այն կանոնները, որոնք ձեզ համար են սահմանվել, խստորեն պահպանում ենք»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ այս ընթացքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիմնարկ-ձեռնարկություններ են փակվել, հարյուրավոր քաղաքացիներ, տրանսպորտային միջոցների վարորդներ տուգանվել են: «Այսօր երկու ժամվա գործողության ընթացքում 35 տաքսու վարորդ է պատասխանատվության ենթարկվել, տասնյակ տրանսպորտային միջոցների վարորդներ են պատախսանատվության ենթարկվել: Երեկ գործնականում ամբողջ Կասկադի սրճարանները և ռեստորանները փակվեցին, և այս առումով գնալու ենք շատ խիստ մեթոդների: Բոլորը պետք է հասկանան, որ պարետատան սահմանած կանոնների խախտումը բերելու է անխուսափելի պատասխանատվության և դա վերաբերում է և՛ ուղևորներին, և՛ վարրորդներին, և՛ ձեռնարկատիրական ընկերությունների աշխատողներին: Սրա նպատակը ոչ թե պատժելն է, այլ օգնելը, որ քաղաքացիական գիտակցության մակարդակը բարձրանա»,-ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջին օրերին տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումները ծավալային առումով շեշտակի աճել են: «Մեր նպատակը պատժելը և տուգանելը չէ, մեր նպատակն է, որպեսզի նոր վարքագիծ ձևավորվի: Մենք օրական հարյուրից ավելի տնտեսվարողների մոտ նմանատիպ սահմանափակումներ ենք կիրառում և հուսով եմ՝ այս թիվը ժամանակի ընթացքում կնվազի, ոչ թե կաճի»,-ասաց նա:

tert.am