Ես կարող եմ իմ բնակարանը կոչել Ազնավուրի անունով, բայց ոչ «Զվարթնոցը»․ Հայկ Պետրոսյան

Այս տարիների ընթացքում մեր երկրում երկու առաջարկ է եղել Շառլ Ազնավուրի հետ կապված. մեկը, որ ՀՀ Պետական օրհներգը փոխարինվի Ազնավուրի «Pour toi Armenie» երգով, եւ մի առաջարկ էլ կա, որ «Զվարթնոցը» վերանվանվի Շառլ Ազնավուրի անունով:

Ես Ազնավուրապաշտ մարդ եմ, ինձանից շատ թող ոչ մեկն Ազնավուրին չսիրի, բայց իմ կարծիքով «Զվարթնոցը» պետք չէ վերանվանել Շառլ Ազնավուրի անունով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հայտնել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը` անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու շուրջ ծավալվող քննադատություններին:

«Շառլ Ազնավուրի անունով կան հրապարակներ, փողոցներ, դա ուրիշ հարց է, իսկ «Զվարթոնցը» պատմական, մեր հին պատմությունը կրող մի ծառ է, որի մեջ կա հայկական շունչ, արմատ, ինչ-որ մի բան, որն անձամբ ես զգում եմ, եւ չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է փոխեն Շառլ Ազնավուրի անունով:

Եթե մեծանուն հայերի իմաստով ենք նայում, շատ անվանի հայեր կան, ինչո՞ւ հենց Ազնավուրը: Ամենակարեւորը «Զվարթնոց» անվան հետ պատմություն կա, որը դարերի խորքից է գալիս 6-7-րդ դարերի շունչ ունի իր մեջ:

Ազնավուրի անունով կարող եմ մեր բնակարանը կոչել, խնդիրն ամենեւին անունը չէ:

Պարզապես փոխելով «Զվարթնոց» բառը` մենք մի պատմական կապ կորցնելու ենք, իսկ դա շատ վատ բան է, մանավանդ, երբ ապրում ենք, մի դարում, երբ բացառիկ գլոբալիզացիա է, երբ բոլոր ժողովուրդները սկսել են կորցնել իրենց դեմքը, որտեղ արժեքները դառնում են բոլորինը, չկա էլ ֆրանսիական, հայկական, բոլորս այսպես ենք, բոլորս այնպես ենք, եւ հենց այս պարագայում մենք պետք է կառչենք մեր պատմությունից, մեկ բառն անգամ կարող է կարեւոր լինել»,-ընդգծում է Հայկ Պետրոսյանը` մեկ անգամ եւս շեշտելով, որ Ազնավուրն իսկապես մեծ հայ է:

Աղբյուրը՝ Armlur.am