Վրաստանում զարմացած են Արսեն Թորոսյանի «ոչ դիվանագիտական» հայտարարություններից

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարը «ոչ դիվանագիտական է» համարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները Վրաստանի հակահամաճարակային կառույցների վերաբերյալ։ Նա զարմացել է նման արտահայտություններից, փոխանցում է վրացական «Գրուզիա օնլայն» կայքը։Մինչ այդ Թորոսյանը հայտարարել է․ «Վրաստանի հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մերից, ոչ լավ իմաստով, մեր համակարգն ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը»։

Նա նաև տեղեկացրել է, որ կա մեթոդաբանության տարբերություն թեստավորման առումով: Թորոսյանի կարծիքով՝ հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40.000 թեստերը PCR թեստեր չլինեն, այլ լինեն արագ թեստեր, որոնցից Հայաստանում պրակտիկորեն չենք օգտվում, որովհետև դրանք հավաստի չեն։

Վրացի պաշտոնյան նախ՝ նշել է, որ անձամբ ծանոթ է Թորոսյանի հետ և նրանից չէր սպասում նման արտահայտություններ։ Ապա նա նշել է, որ հավանական է, որ նախարարի խոսքերը այնպես չեն մեկնաբանվել, ինչպես նկատի է ունեցել Թորոսյանը։ Վրաստանի ՀՎԿԱԿ ղեկավարը անդրադարձել է նաև թեստավորումների մեթոդաբանության հնարավոր տարբերությանը։«Ո՛չ, պարոն Արսեն։ Այն 46 կամ 47 հազար թեստերը, որ մենք անում ենք երկրում, բոլորը PCR թեստեր են։ Այս թվի մեջ մենք չենք հաշվում մի քանի հազար արագ թեստերը, որոնք օգտագործվում են բուժհաստատություններում»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

Թորոսյանի խոսքերի տեսագրությունը՝ ստորև․

Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով, իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։

Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»։

Աղբյուրը՝ shantnews.am