Պետությունը սահմանել է հանրային բաց տարածքներում դիմակների առկայության պահանջ, կանոնը խախտելու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի առկայություն: Այս թեմային ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին, թե ինչպես է կատարվելու վարչական արձանագրության կազմման գործընթացը:
«Պատասխանատվության կիրառման համար լիազոր մարմինը ոստիկանությունն է: Ոստիկանությունը վարչական վարույթ է իրականացնում: Շատ կարևոր է, թե անձը կոնկրետ պահին ունի անձը հաստատող փաստաթուղթ, թե ոչ: Եթե ունի, ապա արձանագրությունը կարող է տեղում կազմվել, իսկ եթե ոչ, ապա, երբ որ արդեն կունենա անձը հաստատող փաստաթուղթ, այդ դեպքում կկազմվի արձանագրությունը: Ոստիկանությունը անձը նույնականացնելու գործառույթները կիրականացնի»,-ասաց Դանիելյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ կարելի՞ է հասկանալ, որ եթե քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չլինի, իրեն պետք է բերման ենթարկեն, որպեսզի տեղում հասկանան, թե ով է տվյալ անձը, նույնականացում իրականացնեն: «Այդ դեպքում գուցե անհրաժե՞շտ է կրկին ասել, որ քաղաքացիները միշտ ունենան անձը հաստատող որևէ փաստաթուղթ»,-նկատեց պատգամավորը:
Փոխնախարարը շեշտեց՝ իրենց առաջին մտահոգությունը քաղաքացիների առողջությունն է, դրա համար պահանջը սահմանվել է դիմակի մասով, ոչ թե անձը հաստատող փաստաթուղթ ունենալու, որ ենթարկվի պատասխանատվության: «Բայց կարծում եմ, որ այս քննարկումներն անձանց տեղեկացնում են, որ անհրաժեշտություն կա անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, եթե անձը դիմակ չունի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի հնարավոր է ապահովել դիմակի առկայության պահանջը մեր քաղաքացիների համար, քան դրա բացակայության դեպքում ապահովել անձը հաստատող փաստաթուղթ, որ անձինք ենթարկվեն պատասխանատվության և խնդիրներ չստեղծեն նաև ոստիկանության համար»,-ասաց Դանիելյան:
Նա նաև վերահաստատեց, որ ինքնաշեն դիմակները ևս թույլատրելի են:
ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտելու դեպքում տուգանքը մեղմել՝ սահմանելով 10 հազար դրամ: Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ:
Աղբյուրը՝ 168.am