Կանանց վիրավորելը, հատկապես փաստարկների բացակայության դեպքում, թույլ ու նեղմիտ մարդկանց վարքագիծն է. Արփինե Հովհաննիսյանը՝ Հանրային խորհրդի նախագահի գրառման վերաբերյալ

Կանանց վիրավորելը հատկապես փաստարկների բացակայության դեպքում թույլ ու նեղմիտ մարդկանց վարքագիծն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի կողմից արված գրառմանը:

Հովհաննիսյանի հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Անժելա Էլիբեգովային ճանաչում եմ բավական վաղուց։ Սկզբունքային, պրոֆեսիոնալ ու մարդկային։ Պրոֆեսիոնալիզմը շատ անգամներ տեսել ու համոզվել եմ, երբ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների բազմաթիվ բանաձևեր չեզոքացնելիս անհրաժեշտ է եղել օգտակար ու կոմպետենտ տեղեկատվություն։

Կանանց վիրավորելը հատկապես փաստարկների բացակայության դեպքում թույլ ու նեղմիտ մարդկանց վարքագիծն է։ Ես դա անձնական փորձից լավ գիտեմ։ Անժելայի պրոֆեսինալիզմը փաստ է ու նրա արտաքին հատկանիշները քննարկելով ու թիրախավորելով այդ փաստը չի փոխվելու։ Անժելան չի նեղվելու, չի ընկրկելու, չի վախենալու, չի դադարելու իր սիրած ու պիտանի գործը անել։

Հ.Գ. Ձեզ մի հուշում անեմ՝ ժամանակի ու տարածության զգացողությունը կորցրել եք տիկնայք, պարոնայք և այլք՝ սա 2018-ի մայիսը չէ, ոչ էլ հոկտեմբերն ու դեկտեմբերը։ Դուք, ձեր ընկալումն ու խոսքն էլ առաջվանը չի, ամեն անգամ նման էժան վարքագիծն ավելի ու ավելի կոշտ հակահարվածի է արժանանալու։ Չկասկածեք»։