Հավելյալ ծախս 18-30 հազար դրամ միայն մեկ մարդու դիմակ և ձեռնոց գնելու համար․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, ինչպես հայտնի է` պարետատունը որոշում է ընդունել, որ մայիսի 25-ից դրսում և փակ տարածքներում բոլոր մարդիկ պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Հիմա մի քանի շատ կարևոր դիտարկումներ։

Ես չեմ քննարկում դիմակ և ձեռնոց կրելու անհրաժեշտությունը, քանզի քաջ գիտակցում եմ, որ երկրում մոլեգնում է համաճարակ և միգուցե այս պահանջը տրամաբանական է, սակայն այս պարագայում պետք է հասկանալ մի քանի նրբություններ։

Տեսեք, պաշտպանիչ դիմակը արժի միջինը 150-250 դրամ, ձեռնոց 50-100 դրամ+ գոյություն ունի բժշկական ցուցում, ըստ որի, թե՛ դիմակը, թե՛ ձեռնոցները ՉԻ ԿԱՐԵԼԻ կրել երեք ժամից ավել։

Հիմա պարզ հաշվարկ. ենթադրենք` մարդը տանից միջինը բացակայում է, օրվա ընթացքում 10 ժամ (8 ժամ աշխատանքի վայրում մի երկու ժամ տուն հասնել, առևտուր խանութում,կամ սուրճ է ըմպում ընկերների հետ սրճարանում, մի խոսքով, հասկացանք, թե ինչու 10 ժամ)։

Հիմա ստացվում է, որ մարդը պետք է նվազագույնը երեք անգամ օրվա ընթացքում փոխի իր դիմակ-ձեռնոցները, փաստորեն օրը հավելյալ ծախսի 600-1000 դրամ, ամսվա կտրվածքով ստացվում է 18-30 հազար դրամ միայն մեկ մարդու հաշվարկով, իսկ եթե ընտանիքում աշխատում են 2-3 մարդ, ապա ծախսերը բնականաբար կրկնապատկվում և եռապատկվում են։

Կներեք հազար անգամ, բայց պատկերացնում եք` ինչ լուրջ ծախսեր են գոյանալու մարդկանց մոտ, այն էլ այս «նեղ մաջալին»։

Կասեք`դե ինչ խնդիր է որ,թող մի դիմակով յոլա գնա մարդը օրինակ մի քանի օր…շտապեմ այս դեպքում հիասթափացնել, որ եթե երեք ժամից ավել կրել դիմակ, ապա իմաստը կկորի, քանզի դիմակը աղտոտվում է և ասեմ ավելին դառնում է նույնիսկ ինչ-որ չափով վտանգավոր, քանզի պարզապես դառնում է ձեր դեմքին փակցված տարատեսակ վիրուսների և բակտերիաների «պահեստ»։

Ինչ՞ անել.

1-Պարտադիր օգտագործելով բոլոր վարչարարական լծակները,` ստիպել դիմակ ներկրող կամ արտադրող ընկերություներին իջեցնել դիմակների և ձեռնոցների գները,քանզի պետք չէ լինել հանճար հասկանալու համար,որ օրինակ դիմակի իրական գինը մի քանի տասնյակ դրամից չի կարող ավել արժենալ։

Կամ եթե օրինակ ներկրողը, այնուամենայնիվ կարողանում է հիմնավորել, որ հասարակ դիմակը կարող է արժենալ 150 դրամ, ապա ինչ-որ մի աջակցության մեխանիզմ կիրառվի, որ, ի վերջո, մարդկանց պաշտպանիչ պարագաները հասնեն ողջամիտ գներով։

2-Անպայման և անխտիր պետությունը պարտավոր է ԱՆՎՃԱՐ ապահովել դիմակներով և ձեռնոցներով սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված մարդկանց (տարեցներ,թոշակառուներ, խրոնիկ հիվանդներ և այլն…)

Այս երկու հարցերը պահանջում են հրատապ լուծումներ, եթե իհարկե պետական մարմինները հետաքրքրված են իրականում դրական շարժ գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում»։