Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը փորձեց Չինաստանի օրինակով գնալ, արդյունավետ սահմանափակումներ մտցնել, սակայն չստացվեց: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը՝ խոսելով սահմանափակումների թուլացման մասին:
Տեր-Մինասյանը նշեց, որ չի կարող գնահատական տալ՝ մեթոդները ճիշտ կամ սխալ որակելով: «Հարցին կարող ենք տրամաբանորեն մոտենալ և հասկանալ, որ այս ամենը չի արվում բժշկական տեսակետից: Բժշկական տեսակետից, իհարկե, ճիշտ կլիներ, որ բոլորը տանը մնային, վակցինա ստեղծվելու և օրինակ՝ իմանայինք, որ 18 ամսից կլինի այդ վակցինան, սպասեինք այդ 18 ամիսը լրանալուն: Ամբողջ խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհն է հասկանում, որ վակցինան շուտ չի լինելու»:
Բժիշկը հիշեցրեց, որ երեկ վեց երկրների հետ աշխատանքային հեռավար քննարկումից հետո խոսվեց այն մասին, որ համավարակի ավարտը չի լինի ավելի շուտ, քան հինգ տարին է. «Աշխարհում ոչ մի երկիր չի կարող տարիներով նստել տանը, ոչ մի երկիր նման ռեզերվ չունի, հատկապես մեր երկիրը»:
Դիտարկմանը, թե սահմանափակումները դրվեցին այն ժամանակ, երբ դեռ ընդամենը մի քանի վարակման դեպքեր կային, իսկ հիմա, երբ դեպքերը օրական գերազանցում են հարյուրը, սահմանափակումները հանվում են, Վահե Տեր-Մինասյանը արձագանքեց, որ սկզբում փորձ էր արվում անել այն, ինչ արվեց Չինաստանի Ուհան նահանգում, որտեղ սահմանափակումները հանգեցրին վարակի նահանջին: Ըստ նրա՝ շատ քիչ երկրների հաջողվեց սահմանափակումներով վերահսկել վարակի տարածումը:
«Իմ անձնական կարծիքով՝ վաղ թե ուշ մարդկանց մեծամասնությունը հիվանդանալու է: Հավանական է, որ ես վարակվեմ, ընտանիքս վարակվի: Ամբողջ իմաստն այն է, որ այդ ամենը միաժամանակ տեղի չունենա: Եթե մենք միաժամանակ մի քանի հարյուր հազար հիվանդ ունենանք, կունենանք անկառավարելի վիճակ, բժշկական համակարգը չի դիմանա, չի հասցնի այդքան հիվանդին պատշաճ օգնություն ցույց տալ», ասաց նա և հարցին՝ սահմանափակումների թուլացումը իրենից չի՞ ենթադրում վարակակիրների թվի ավելացում, բժիշկը պատասխանեց՝ անշուշտ, սակայն ըստ նրա՝ առաջին պատասխանատուն անհատն է լինելու, որը պետք է գիտակցի և հետևի անվտանգության բոլոր կանոներին:
«Միշտ ասել եմ՝ ոչ մի նախարար, ոչ մի ղեկավար չի գալու, ձեր ձեռքերը լվանալու, դա ձեր ֆունկցիան է»,- ասաց նա և հավելեց, որ եթե անգամ բաց են սննդի կետերը, սրճարանները, ապա միևնույն է յուրաքանչյուրը պետք է իրեն զսպել կարողանա: