Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մարդասիրական բացառիկ օգնություն է ցուցաբերում Լոռու մարզի 1000 ընտանիքի։
Եվրոպական միությունն աջակցում է կորոնավիրուսային համավարակի ճգնաժամի հետևանքով տուժած կարիքավոր ընտանիքներին։ Լոռու մարզին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը 60,000 եվրո է։ Եվրոպական միության այս ծրագիրն իրագործվելու է նաև Շիրակի և Տավուշի մարզերում՝ տեղական և մարզային իշխանությունների հետ սերտորեն համագործակցությամբ։
«Տնտեսական հետևանքով յուրաքանչյուր ճգնաժամ, ինչպիսին նաև սա է, բացասաբար է ազդում բնակչության խոցելի խմբերի վրա։ Մեր բարոյական պարտքն է օգնել կարիքի մեջ գտնվողներին և ուղղորդել վարակի տարածման սահմանափակման գործընթացում։ Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն օգնության ձեռք է մեկնում Հայաստանի մարզերին՝ ճգնաժամային իրավիճակը միասին հաղթահարելու համար»,- նշում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
ՔՈԱՖ-ի շահառու 26 գյուղական և 2 քաղաքային (Վանաձոր և Ալավերդի) համայնքների սոցիալապես խոցելի նշված ընտանիքներն աջակցություն են ստանալու 2 անգամ՝ ապրիլի վերջին ու մայիսին։ Յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվող փաթեթը ներառում է առաջնային անհրաժեշտության պարենային մթերք, հիգիենայի պարագաներ ու գրենական պիտույքներ։
Սոցիալապես խոցելի ընտանիքների ընտրությունը հիմնված է ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողների՝ տարիների սրտացավ աշխատանքի, լրջորեն կատարված հետազոտությունների, կարիքների գնահատումների ու պարբերական մոնիտորինգների արդյունքների վրա։
«ՔՈԱՖ–ը ԵՄ–ի համար վստահելի գործընկեր է, որն ունակ էր այս ծրագիրն իրագործել արագ, ինչն այս իրավիճակում շատ կարևոր է, և արդյունավետ, այսինքն՝ հասցեական, քանի որ տարիներ շարունակ մեր մասնագետներն աշխատում են գյուղում գյուղաբնակների հետ»,- բացատրում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
Աջակցություն են ստանալու նաև ՔՈԱՖ-ի շահառու 26 գյուղական համայնքների բուժհաստատությունները։ Յուրաքանչյուր բուժհաստատության փաթեթ կպարունակի բժշկական առաջնային անհրաժեշտության պարագաներ։
* * *
Եվրոպական միության մասին
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նու–հաուն, ռեսուրսներն ու ուղիները։
50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը։ Եվրոպական միությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երեկրների ու ժողովուրդների հետ։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ–ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ–ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ–ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին՝ ծառայելու մարզի շուրջ 150 հազար բնակիչներին։