«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրում են 20 միլիոն դոլար կաշառք տալու մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը՝ ընդգծելով, թե մեղադրանքի համար ի սպառ բացակայում են փաստական և իրավական հիմքերը, և ակնհայտ է՝ այն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա:
«Առուստամյանը դեռ 2009-2011թթ.-ին փոխառության պայմանագրով տոկոսով գումար է տվել երկու անձի՝ տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով: Պայմանագրերն առկա են, դրանց գործողության ժամկետները երկու անգամ երկարացվել են: Այդ պայմանագրերը մինչ օրս ունեն իրավական արժեք, իրավական ուժ և գործում են: Հիմա Առուստամյանին մեղադրում են, որ ինքը տարիների ընթացքում իր գումարը չի ստացել, ուրեմն՝ կաշառք է տվել, այնինչ՝ տարիների ընթացքոմ պայմանագրերի ժամկետները երկարացվել են, և նա սպասում է այդ գումարին: Խոսքը մոտավորապես 20 միլիոն դոլարի մասին է»,-ասաց փաստաբանը:
Վերջինս չմեկնաբանեց մամուլում շրջանառվող լուրերը, թե Առուստամյանի ձերբակալությունը կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ՝ նշելով, թե մեկնաբանելու դեպքում կխախտի նախաքննության գաղտնիքը:
Փաստաբանը հայտնեց նաև, թե նախորդ տարվա օգոստոսի 27-ին Սեդրակ Առուստամյանն այս գործով որպես վկա հարցաքննվել է, մանրամասն ցուցմունք տվել: «Ձերբակալման օրն ինքը հրավիրվել է որպես վկա, ես իր հետ եմ եղել: Անմիջապես ձերբակալել են: Հաջորդ օրը լրացուցիչ հարցաքննվել է որպես կասկածյալ: Ապրիլի 25-ին մեղադրանքի շուրջ է ցուցմունք տվել: Քրեական հետապնդման մարմինները «մտել են մատի ու մատանու արանքը»»,-ասաց Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ Առուստամյանը կալանավորվել է ապրիլի 25-ին: