Պետական պաշտոնյաներն ու խուճապը

«Չաշխատելը թուլացնում է մարմինը, բայց հղկում է միտքը»: Ստույգ չեմ հիշում՝ հնդկական ասացվա՞ծք է, թե՞ յոգայի մասին ինչ-որ գրքում եմ կարդացել: Կարևոր չէ: Այսօր  բոլորս ձևացնում ենք, թե հեռահար աշխատանքի ենք անցել: Իրականում չենք աշխատում: Իհարկե: Որովհետև եղած-չեղած մտքերը միայն կորոնավիրուսի հետ են կապված: Բայց բոլորս հիշում ենք օրենքի ու պարետատան պահանջը խուճապ չառաջացնելու մասին: Հիշում ենք ու միայն պաշտոնական տեղեկատվություն ենք կարդում:

Կարդում ու համոզվում ենք, որ խուճապ իրականում պետական պաշտոնյաներն են առաջացնում: Իհարկե, ոչ մերոնք: Նյու Յորքի նահանգապետը, օրինակ, ԱՄՆ մնացած նահանգներին սպառնում է, որ իր նահանգը ցնցող վարակը վաղը-մյուս օրը բոլոր նահանգներին է պատուհասելու: Կարդում ու չես հասկանում: Սկզբում չես հասկանում: Բայց հետո տեղեկանում ես, որ կարանտինի մասին որոշումն ուշացրած նահանգապետի «հույսին» թողնված նահանգում այսօր վարակվածների քանակը համաշխարհայինի 5 տոկոսն է կազմում:

Ավելին, հաջորդ լուրը տեղեկացնում է, որ Նյու Յորքում ամեն երրորդ թեստ դրական է: Ուստի շարունակում ես այլ պաշտոնյայի կարծիք փնտրել: Փնտրում ու տեղեկանում ես, որ ըստ Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարության (մյուս երկրներում այս հիմնարկության անունը սովորաբար հակառակ հերթականությամբ է նշվում) տվյալներով՝ իր երկրում մարտ ամսին մանր ու միջին բիզնեսի եկամուտները նվազել են: Նախորդ տարվա համեմատ՝ 70 տոկոսով: Ֆրանսիական հաջորդ պաշտոնական լուրը համարյա խուճապականխարգելիչ է: Ֆրանսիայի Համերաշխության ու առողջապահության նախարարը (տնաշենները վաղուց պոեզիա չունեն, բայց պետգերատեսչություններին պոետական անուն կպցնելը չեն թարգել) հիվանդներին ինչ-որ հասարակ դեղով բուժվելու խորհուրդ է տալիս:

Մեկ ժամ չանցած Ֆրանսիայի վարչապետն ափալ-թափալ խորհուրդ է տալիս՝ իր նախարարի ասածը լուրջ չընդունել: Վարչապետի խոսքին հետևում է Ֆրանսիայի նախագահի ստեղծած «Համաճարակի դեմ պայքարի գիտական խորհրդի» անդամներից մեկի հրաժարականը:

Իշխանության անունից հայտարարություն է տարածվում, որ հանձնաժողովի այդ գիտնական բժիշկ անդամը միշտ էլ չափազանցնելու սովորություն է ունեցել: Հույսդ կտրած, որ ֆրանսիական լուրերից (ու իշխանությունների ասածից) բան կհասկանաս, սկսում ես գերմանական լուրեր կարդալ: Գերմանիայի ֆինանսների նախարարն էլ տեղեկացնում է, որ իր երկրի ՀՆԱ-ն այս տարի կկրճատվի 5 տոկոսով: Դա ինչ-որ իմաստով լավատեսական պատկերացում է. նրա ֆրանսիացի գործընկերոջ կարծիքով՝ 8 տոկոսանոց կրճատման սպասում կա:

Տեղեկացնում ու իր ասածը հիմնավորում է Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագիտական վերլուծությամբ, ըստ որի՝ ռեցեսիայի մեջ է համաշխարհային տնտեսության մեկ երրորդը: Կարդում ու չես հասկանում, թե ինչ մեթոդաբանությամբ են ԱՄՀ-ի մասնագետները, Չինաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ տնտեսությունները միացյալ վերցրած, համարում համաշխարհային տնտեսության ընդամենը մեկ երրորդ մաս: Բայց հետո հասկանում ես, որ ԱՄՀ փորձագետները հավանաբար չեն ուզում հարաբերություններ փչացնել այդ երկրների իշխանությունների հետ: Ուստի մեղմ կանխատեսումներ են հրապարակում: Խուճապ չառաջացնելու վսեմ նկատառում-ձգտումով:

Եվրամիության ղեկավարությունն էլ նման՝ լուսե ձգտում-մտադրությամբ տեղեկացնում է, որ 2.5 հազար կայքեր է փակել, որոնք ֆեյք (կեղծ) հակահամաճարակային դեղամիջոցներ էին վաճառում:

Պարզվում է՝ արդեն հասցրել են 4.5 մլն ապօրինի դեղամիջոց իրացնել: Խուճապամերձ տրամադրությունները հաղթահարելու հույսով սկսում ես արևելյան պաշտոնյաների լուրեր կարդալ: Ու տեղեկանում ես, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգել են:

Ճապոնիայի վարչապետն ուրախ-ուրախ տեղեկացնում է, որ օլիմպիական խաղերը ծրագրում են անցկացնել 2021թ., բայց «Տոկիո 2020» անունը չեն փոխի: Հավանաբար անունը չփոխելը լավատեսական ու խուճապահալած լուր է:

Բայց բավարար չէ: Այս իմաստով միակ կատարյալ լուրի հեղինակն ԱՄՆ նախագահն է: Նա խոստանում է, որ ապրիլի 12-ից հետո ամերիկյան տնտեսությունն աշխատելու է: Անկախ նրանից՝ համաճարակը հաղթահարվա՞ծ կլինի, թե՞ ոչ: Իսկ ԱՄՆ նախագահի տնտեսական հարցերով խորհրդականը հայտարարում է՝ «հասարակական առողջության համար առողջ տնտեսություն է պետք»:

Հրաշալի միտք է: Համարյա մաթեմատիկական բանաձև: Բանաձև, որ վերադարձնում է նախկին մտքին՝ խուճապ ծնում են չինովնիկների ելույթները: Բայց ոչ մեր չինովնիկների: Իհարկե: