Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով

Արարատի մարզում կորոնավիրուսի օջախ է ձևավորվում:  Արդեն գրել էինք, որ այստեղ վարակի օջախ են հանդիսացել այն մի քանի կանայք, որոնք կորոնավիրուսով հայտնի դարձած երևանյան կարի ֆաբրիկայից են վիրուսը իրենց հետ տեղափոխել հարազատ բնակավայր։ Ուշագրավ է, սակայն, Արտաշատից դեպի Վեդի քաղաք ու Արարատ տանող գյուղերի վարակման նախապատմությունը։

Առաջին վիրուսակիրը այստեղ հղի կին է եղել, ում միջոցով, ըստ ամենայնի, ձևավորվել է Վեդիում վարակի օջախը, ըստ որում՝ ծննդատան միջոցով։

Առաջին փաստարկված դեպքը նա է եղել։ Վեդուն կից գյուղում բնակվող հղի կնոջը մասնագետները հասկացրել են, որ երևանյան ֆաբրիկայում աշխատելու պատճառով ինքն արդեն իսկ ռիսկային վիճակում է, պարտադիր պետք է ինքնամեկուսանա։ Կոնտակտավոր հղին առաջին մի քանի օրը հետևել է բժշկի ցուցումներին, և մի քանի օր տեսնելով որ չի ջերմում, որոշել է դուրս գալ կարանտինից։ Ինքնմեկուսացման 4-րդ օրը  անհրաժեշտության բերումով, թե ձանձրույթից դրդված, գնացել է Վեդու ծննդատուն, որպեսզի հերթական կոնսուլտացիան անցնի: Հենց այնտեղ էլ, փաստորեն, իր կամքից անկախ, վարակել է առաջինը հենց հերթապահ բժշկուհուն։ Ասում են՝ հետո բուժքույրն է վարակվել, ու այս փաստված դեպքերից հետո նրանց հետ միաժամանակ Երևան են տարվել ծննդատան մի շարք կոնտակտավորներ: Այսօր հղին, ընտանյոք հանդերձ, իր միջոցով կոնտակտավոր դարձած բուժաշխատողների հետ հանգատյան գոտիներից մեկի մեկուսարանում են։ Վիճակը լավ է, ըստ աղբյուրի՝ բոլոր վեդեցիների մոտ, նրանք չեն ջերմում, վերջնական հաստատման թեստին են ապասում առնվազն եկող շաբաթվա վերջում։

Առողջապահության նախարարը, իհարկե, զգուշանում է հղի վարակակիրների մասով խիստ որոշակի  քոմենթներ անել։ Միակ բանը, որ ընդգծեց՝ մինչ այժմ այս ռիսկային խմբի մասով միջազգային մամուլի լռությունն է, թեև չկան լուրջ հետևանքով դեպքեր։

Վեդիում ու հարակից գյուղերում Yerevan․Today-ին հայտնի դարձած մյուս դեպքերով երիտասարդ և միջին տարիքի տղաներ են վարակված։ Երկու կորոնավիրուսով վարակված դեպք էլ տափերականցիների շրջանում է հաստատվել, Լուսառատ գյուղում:

Նշենք, որ արտակարգ դրության պայմաններից ելնելով, Վեդու ԲԿ-ի առաջին հարկից հանվել է մանկական բաժանմունքը։ Փոխարենն ինֆեկցիոն բաժանմունք է ձևավորվել՝ անհրաժեշտ գույքով և տեխնիկայով:

Մի կողմ թողնենք մասնագիտական կարծիքներն ու կոշտ քննադատություները, որ պարտավոր էին ինֆեկցիոն բաժանմունքը տեղակայել առանձին շենքում, այլ ոչ թե հիվանդանոցի առաջին հարկում՝ զուտ այն պատճառով, որպեսզի չունենար մյուս բոլոր բաժանմունքների հետ մեկ ընդհանուր գլխավոր մուտք: Ստացվում է՝ ինֆեկցիոնի տեղակայումն այստեղ խոցելի է դարձնում այն բոլոր ելումուտ անող հիվանդներին ու հիվանդատեսներին, որոնք ուզեն թե չուզեն՝ անցնելու են ինֆեկցիոնի ընդհանուր մուտքով․ իսկ կկարողանա՞ն խուսափել օդակաթիլային վարակից, դժվար է ասել:

Նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի մյուս առավել խնդրահարույց վիճակը մասնագետի սովն է մարզում: Բանն այն է, որ պատշաճ կահավորած ու վերազինած ինֆեկցիոն բաժանմունքը պանդեմիայի դեմ պայքարում մնալու է ընդամենը մեկ թոշակի տարիքի հակահամաճարակաբան բժշկուհու հույսին, ընդ որում՝ այն միակի, ով համատեղությամբ աշխատում և սպասարկում է նաև Արմաշի հոգեբուժական կենտրոնը, Մասիսի ԲԿ-ն, Վեդու ծննդատունը, Արարատի ԲԿ-ն և Վեդու ԲԿ-ն միաժամանակ:

Ստացվում է՝ հակահամաճարակաբան Գյուլնարա Իսկանդարյանը ոչ միայն նորաստեղծ ինֆեկցիոն բաժանմունքի միակ մասնագետն է լինելու, ում վրա պիտի հենվի մի ամբողջ 95 գյուղի բնակչություն, այլև նա միակ սպասարկող հակահամաճարակաբանն է՝ ողջ մարզի ԲԿ-ների համար, այսինքն նրա ուսերին է ամբողջ Արարատի մարզը՝ ձգվելով մինչև Վայոց ձորի գյուղական համայնքներ և մյուս կողմից՝ Վեդուց մինչև Արտաշատի գյուղական համայնքներ:

Մարզի մյուս որակյալ մասնագետին՝ Նաիրա Զիրոյային, ով ի դեպ երիտասարդ կադր է ու բազմապրոֆիլ վերապատրաստված, ազատել են Վեդու ԲԿ-ից միայն այն պատճառով, որ հեղափոխական մարզպետին դուր չի եկել նրա՝ նախկինների հետ ունեցած շփումները։ Իսկ այսօր հակահամաճարակաբան Նաիրան իր մասնագիտական պարտականությունները կատարում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում՝ որպես հրավիրված մասնագետ:

Նշենք, որ Հայաստանում համաճարակաբանների թիվը շատ փոքր է՝ ընդամենը 63։

Աղբյուրը՝ yerevan.today