4-րդ և 9-րդ դասարանցիների համար քննական ծրագրից կարելի է հանել երկրորդ կիսամյակի բոլոր առաջադրանքները․ Կրթության փորձագետ

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանը պատրաստ չէր հեռավար կրթությանը՝ մի քանի պատճառներով։

«Նախ, հեռավար կրթության համակարգին պատրաստվելը բավական մեծ ներդրումներ էր պահանջում, և քանի որ դեմ առ դեմ դաս անելու հնարավորությունը կար, առանձնապես շատ մարդիկ մոտիվացված չէին այդ ամեն ինչը սովորելուն։ Բայց հիմա, երբ հայտնվեցինք ֆորս-մաժորային իրավիճակում, ու դեմ առ դեմ ուսուցումն անհնար դարձավ, արդեն պարզ էր, որ բոլորն էլ, ոչ միայն մենք, պատրաստ չենք։ Ուղղակի մեր տարբերությունը զարգացած երկրներից այն է, որ այնտեղ ինտերնետի խնդիրը շատ ավելի մեղմ է, քան մեզ մոտ։ Այստեղ լուրջ խնդիրներ կան։ Ունենք բարձր աղքատություն, ինտերնետի որակը շատ դեպքերում լավ չէ, հետևաբար՝ մեզ մոտ խնդիրը մի փոքր սուր է, քան զարգացած երկրներում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը։

Խոսելով Հանրային հեռուստաընկերությամբ անցկացվող հեռավար դասընթացների մասին՝ փորձագետը նկատեց․

«Ըստ էության, հատկացված է անհաջող ժամ, առավոտյան 8։30-9։30-ին դժվար թե գլխի ընկնեն, թե քանի երեխա է արթուն։ Շատերը չունեն «քեթչ-ափ»-ի հնարավորությունը ու, բնականաբար, այդ դասերը չեն նայում։

«Այդ ժամին Հ1-ով հաճախ ցույց են տալիս 3-4 տարի առաջ տեսագրված դասեր։ Կոչ կանեի, որ ավելի շատ շեշտը դնեին 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների վրա, որովհետև կան ստուգատես քննություններ։ Լավ կլինի, որ դիմորդներին էլ ինչ-որ աջակցություն ցուցաբերվի, որովհետև հիմա դիմորդներից նրանք, ովքեր մնացել էին դպրոցի հույսին, գուցե ոչ լիարժեք աջակցություն են ստանում։ Շատ ավելի լավ կլիներ, եթե Հ1-ը ավելի շատ ժամանակ հատկացներ կրթությանը, ավելի շատ դասեր արվեին։ Նույնիսկ ես առաջարկել էի, որ պայմանական ժամեր դրվեին Հ1-ով՝ ամեն դասարանի համար, ու այդ ժամին բոլոր աշակերտները հավաքվեին հեռուստացույցի դիմաց ու առաջադրանքներ ստանային, որոնք հետո ուսուցիչների ուղղորդմամբ կիրականացվեին։ Բայց հիմա շեշտը դրվել է առցանց կրթության վրա․ ամեն դպրոց, ուսուցիչ կազմակերպում է, ուղղակի այս դեպքում միասնականությունը, վերահսկողությունը դժվար է իրականացնել»։

Անդրադառնալով քննաշրջանի երկարաձգմանը՝ կրթության փորձագետն առաջարկեց, որ, օրինակ, 4-րդ և 9-րդ դասարանցիների համար քննական ծրագրից կարելի է հանել երկրորդ կիսամյակի բոլոր առաջադրանքները։

«Տարբերակ է քննություն չանցկացնելը և այս տարին ընթացիկ կիսամյակային թվանշաններով փակելը, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա այս իրավիճակը։ Եթե մայիսին կարգավորվի, հնարավոր կլինի, եթե՝ ոչ, ապա քննությունների անցկացումը կարող է կասկածի տեղիք տալ։ Խնդիրը 12-րդ դասարանն է։ Կա ընդունելության քննությունների ու զորակոչի հարցը»։

Ինչ վերաբերում է բուհերին, ապա, Սերոբ Խաչատրյանի փոխանցմամբ՝ բուհերի վիճակն այս առումով ավելի բարվոք է, որովհետև շատ հեշտ է առաջադրանքներ տալ, դասեր վարել։

«Հիմնական խնդիրը կարող է լինել կուրսայինների, դիպլոմայինների՝ ավարտական աշխատանքների պաշտպանությունը։ Կարծում եմ՝ իրենք պետք է արդեն այն փուլում լինեին, որ գրականությունը ձեռքի տակ լիներ, բայց միակ խնդիրը, իմ կարծիքով, կարող է լինել պաշտպանության գործընթացը, որն օնլայն դժվար կլինի կազմակերպել։ Դա էլ է հնարավոր անել հունիս-հուլիս ամիսներին, շտապելու խնդիր չկա։ Իհարկե, խնդիր կա՝ միջանկյալ քննությունների հետ կապված, որոնք առաջիկա օրերին պետք է անցկացվեն։ Թեև չի բացառվում, որ լինեն որոշ ուսանողներ, ովքեր ինտերնետի խնդիր կունենան»։

Մեր դիտարկմանը, որ շատ ուսանողներ դժգոհում էին, թե գրադարաններից չեն կարողանում օգտվել՝ փակ լինելու պատճառով, իսկ իրենք թեզ են գրում, կրթության փորձագետը նշեց․

«Թեզերի թեմաները սովորաբար հաստատվում են ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ենթադրվում է, որ մինչև մարտ ամիսը գրականությունը ձեռքի տակ պետք է ունենային։ Իհարկե, լինում են ուսանողներ, ովքեր վերջին 1-2 ամսում են գրում թեզը, իրենք, այո՛, կարող է խնդիր ունենան»։

168.am