Որեւէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների. ՄԻՊ

Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։

Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։

Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։

Սոցիալական ցանցերի օգտատեր մեր հայրենակիցներին խնդրում եմ հարգանքով վերաբերվել իրար, հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի ու արժանապատվության նկատմամբ, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ»,- գրել է  նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը: