Եղևնիների սպանդ Արթիկում. բնակիչները համոզմունք ունեն, որ արմատախիլ արված եղևնիներից է պատրաստվել Արթիկի գլխավոր տոնածառը

Դեկտեմբերի 29-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Արթիկ քաղաքի բնակիչներից, ովքեր զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում էին, որ անհայտ անձը կամ անձինք երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Արթիկ քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Խաղաղության զբոսայգուց», Շախմատի տան հարևանությամբ քոքից կտրել են հսկայական եղևնիներ:

Ինչպես Արթիկից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները մատնացույց անելով նշված վայրը, ասում էին. «Տեսնես ով կամ ովքեր են այն սրիկաները, որ անմարդկային կերպով ծառերի սպանդ են իրականացրել: Քոքից կտրել են մի քանի հաստաբուն եղևնի:

Մենք ունենք կասկածներ, որ դրանք կտրվել են Արթիկի Գլխավոր տոնածառի համար, սակայն դա պետք է պարզեն ոստիկանները: Եթե իրոք պարզվի, որ մի քանի օրվա հաճույքի համար Արթիկի քաղաքապետարանի պաշտոնյաները բնության նկատմամբ նման վանդալիզմ են իրականացրել, ապա կարելի է թույլ տվողներին ու կտրողներին պարտադրել, որպեսզի նշված այգին ոչ միայն բարեկարգեն, այլ մի 100 հատ էլ եղևնի տնկեն:

Իհարկե, նաև ենթարկվեն պատասխանատվության»: Ֆոտոլրագրողի հարցին, թե որքանով են վստահ, որ Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներն են արել, մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին.

«Կրակն առանց ծուխ չի լինում: Մենք վստահ ենք, որ մեր քաղաքի գլխավոր տոնածառը հենց այդ եղևնիներից են սարքել: Մենք վստահ ենք դրանում նաև այն պատճառով, որ ծառերի սպանդի հետ կապված մեր ահազանգերին քաղաքապետարանի որևէ պաշտոնյա առ այսօր չի արձագանքել»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com