Հայրենիքի պատիվը վեր չէ Մելիքբեկյանին սատարելու գաղափարից

ՀՖՖ նախագահի ընտրություներին շատ քիչ ժամանակ է մնացել: Կրքերը շատ են թեժացել և հիմա վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարվում: ՀՖՖ-ի ներկայիս թեկնածուն իր հիմնական թեզը դարձրել է մյուս թեկնածուին կապել նախկինների հետ և հանրությանը անիմաստ կերակրել այդ ստահոդ լուրով: Դա այն դեպքում, երբ իր ամենամեծ աջակից ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ամենասերտ կապն է ունեցել ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ, քանի որ երկար ժամանակ եղել է նրա խորհրդականը՝ այդ պաշտոնը լքելով Ռուբեն Հայրապետյանի հեռանալու օրը:

ՀՖՖ մեր աղբյուրների տեղեկություններով ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը անընդհատ հանդիպումներ է ունենում ՀԿ-ների հետ՝ ճնշում գործադրելով այդ կառույցների ղեկավարների վրա: Այդ ղեկավարներն էլ անհարկի տհաճություններից զերծ մնալու համար կարծես թե գլուխները կախ համաձայնվում են իրենց ձայնը տալ ՀՖՖ ներկայիս թեկնածուին: Թերևս սա է պատճառը, որ ՀՖՖ-ն վստահ է իր 18 ձայնի վրա:

Հայաստանի երկրպագուների Առաջին Ճակատը հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը: Այս հայտարարության մեջ կա միայն մեկ հիմք՝ ՖԱՖ-ը արմատներ է գցել ՀՖՖ-ում: Նրանք այնտեղ ունեն աշխատողներ, անդամներ ունեն ՀՖՖ գործկոմում և որոշ աղբյուրների համաձայն նույնիսկ ֆինանսական աջակցություն են ստացել ՀՖՖ-ից՝ արտասահմանյան հանդիպումներին մեկնելու համար: Բնական է, որ ՖԱՖ-ը դոմինանտ կլինի Մելիքբեկյանի ընտրվելու պարագայում և ուղղակի կտապալի իր հիմնական մրցակից ՌԵդ Իգլզ ֆանատների խմբավորմանը: ՖԱՖ-ի հիմնական կարգախոսն է Հայրենիքի Պատիվը վեր է ամեն ինչից: Բայց փաստորեն դա միայն պաստառի վրա գրված նախադասությունն է: Ադրբեջանամետ լուրերի հեղինակ, մեր բանակին վարկաբեկող Արմեն Մելիքբեկյանին սատարող երկրպագուները այստեղ առաջնորդվում են շահադիտական տեսանկյուններից: Խոսվում է, որ ՖԱՖ առաջնորդ Սերգեյ Ջանջոյանը հավակնում է դառնալ Հանրապետական ստադիոնի տնօրեն:

Եվս մեկ նկատառում: Մելիքբեկյան Արմենին սատարում է Ուրարտուի սեփականատեր Ջևան Չելոյանցը, քանի որ այդ ակումբը նախագահի թեկնածու է առաջարկել  հենց նրա Մելիքբեկյանին: Ինչու, եթե դեռ մեկ տարի առաջ Մելիքբեկյանին համարում էին տկար և անկարող և հիմար: Գիտեք ինչու, որովհետև Չելոյանցը հասկացավ, որ Մելիքբեկյանին հեշտ է կառավարել, քանի որ նա հրահանգեց այլևս Ուրարտուի խաղերին մրցավար չնշանակել Գևորգ Եղոյանին և արդեն մեկ տարի է, ինչ իր թիմի խաղերը այդ մրցավարը չի սպասարկում: Չելոյանցը խելացի է, ինչու պաշտպանել ուժեղ Գրիգորյանին, եթե կարելի է կառավարել թույլիկ Մելիքբեկյանին: 

Մեր առաջնության մյուս տիտղոսակիր թիմի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նույնպես իր կարծիքն է հայտնել սոցցանցերում Մելիքբեկյանի մասին: Նա իր սոցցանցի էջում Մելիքբեկյանին բնորոշել էր, որպես  позор армянского футбола.

Դե ինչ, ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանի և Խորեն Հովհաննիսյանի նկատմամբ տարվող հակաքարոզարշավը հասնում է գագաթնակետին: ՀՖՖ ներկայիս թեկնածուն այժմ մարտադաշտ է բերում փողոցային ուժը՝ ի դեմս ՖԱՖ-ի: Ինչ արդյունք է տալու այս քայլը, կարծում ենք կռահելը դժվար չէ: