Կառավարությունը մի տարի շարունակ չի կարողանում մարդկանց ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենաներով` վարչապետը խոսում է հունվարի 1-ից տոտալ վերահսկողություն մտցնելու մասին։ «2020 թվականի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո, ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա լինի»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Որ ՀԴՄ-ներով շրջանառություններն արձանագրելն անխուսափելի է, այդպես էլ կա։ Բայց փոքր բիզնեսը նման մամլիչի տակ դնելուց առաջ անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ։ Այսօր այդ պայմանները չկան։ Չեն լինելու նաև վաղը, երբ կսկսեն գործել Հարկային օրենսգրքի փոփոխությունները։
Հաշվե՞լ է արդյոք վարչապետը, թե ՀԴՄ-ներով առևտուրն ամբողջությամբ արձանագրելու դեպքում միկրոբիզնեսից դուրս գտնվողները կամ 24 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցողներն ինչքա՞ն եկամուտ են ստանալու։ Հարկային գործող օրենսդրության պայմաններում գրեթե անհնարին է լինելու այդպես աշխատել։ Տարեկան 24 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող բիզնեսը, եթե արձանագրի ամբողջ շրջանառությունը, անմիջապես կանգնելու է փաստի առջև։ Ու դա բարդ չէ հաշվարկել։
24 մլն դրամը ենթադրում է ամսական ընդամենը 2 միլիոնի շրջանառություն։ Եթե ընդունենք, որ խոսքը փոքր առևտրի օբյեկտի մասին է, որն աշխատում է 10 տոկոս վերադիրով, ապա դա ենթադրում է ամսական ընդամենը 200 հազար դրամի կեղտոտ եկամուտ։
Հիմա հաշվենք, թե դրանից ինչպիսի՞ ծախսեր է անելու տնտեսավարողը, և ի՞նչ է մնում տակը։
Ընդամենը 1 վարձու աշխատող պահելու համար անհրաժեշտ կլինի ամսական առնվազն 100 հազար դրամ։ Այն դեպքում, երբ դրանում ներառված լինեն նաև եկամտային հարկը, կենսաթոշակային կուտակային ֆոնդերի, դրոշմանշային վճարները։ Արդյունքում` այդ 100 հազարից աշխատողին կհասնի փաստացի հազիվ 70 հազար դրամ։
Թե քանի՞սը կուզեն այդ գումարով առավոտից իրիկուն աշխատել, դա էլ այլ հարց է։ Ամեն դեպքում, ընդունենք, որ այդպիսիք կլինեն։
Վարձու աշխատողին վճարելուց հետո տակը կմնա ընդամենը 100 հազար դրամ։
Եթե համարենք, որ առևտուրն ամբողջությամբ փաստաթղթավորված է և հարկվում է նվազագույն 1,5 տոկոսով, ապա 2 մլն դրամ առևտրի շրջանառության հարկը կկազմի 30 հազար դրամ։
Մնաց ընդամենը 70 հազարը։ Ու դեռ չհաշված տնտեսավարողի մյուս հարկային պարտավորությունները` եկամտային հարկի և դրոշմանշային վճարի տեսքով, սպասարկման հետ կապված այլ ծախսերը` ջեռուցում, հոսանք, ջուր և այլն։
Էլ չենք ասում հաշվապահի ծառայությունների մասին։ Այսօր փոքր բիզնեսում շատ քիչ տնտեսվարողներ կան, ովքեր ի վիճակի են ինքնուրույն վարել նաև իրենց բիզնեսի հաշվապահությունը, ինչքան էլ այն հեշտացված լինի։
Հիմա այս պայմաններում ինչպե՞ս պետք է աշխատի փոքր բիզնեսը։ Տոտալ վերահոսկողությունը գուցե լավ է, բայց դրանից առաջ պետք է մտածել մարդկանց համար աշխատելու նորմալ պայմաններ ապահովելու մասին։ Այլապես, եթե դա պետք է հանգեցնի այդ բիզնեսի գործունեության դադարեցմանը կամ փակմանը, ո՞ւմ է պետք նման վերահսկողությունը։ Կառավարությունը, լավ կլիներ, նախ՝ լուծեր այս խնդիրը, նոր մտածեր տոտալ վերահսկողության անցնելու մասին։ Գործող հարկային օրենսդրության պայմաններում տոտալ վերահսկողությունը խնդիր է դառնալու ոչ միայն փոքր, այլև միջին բիզնեսի համար։
Մեծ բան չի փոխվելու, եթե տնտեսվարողի տարեկան շրջանառությունը լինի, ասենք` 50 մլն դրամ։ Դժվար չէ վերևում կատարված հաշվարկը տեղափոխել 50 միլիոնանոց բիզնեսի շրջանառության վրա։
Լավ օրից չէ, որ բիզնեսը փորձում է ահ ու դողով աշխատել ստվերային դաշտում և ՀԴՄ կտրոն չտրամադրել։ Նա ամեն րոպե իրեն դնում է ռիսկի տակ։ Բայց ստիպված է այդպես վարվել, որովհետև այլ ելք պարզապես չկա։
Երբ վարչապետը հայտարարում է, թե հունվարի 1-ից այլևս ներում-բեկում չի լինելու, գոնե պատկերացնո՞ւմ է, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Այնպես չէ, որ միկրոբիզնեսը հարկերից ազատելով` կառավարությունը մեծ խնդիր է լուծել։ Այսպես թե այնպես, այն նախկինում էլ դուրս էր հարկումից։ Շրջանառությունը 18 մլն դրամից 24 միլիոն դարձնելը մեծ առաջընթաց չէ։ Հատկապես, եթե միկրոբիզնեսը ևս մտնելու է տոտալ հարկային վերահսկողության տակ։
Չնայած վարչապետը հայտարարում է, որ «հացի փող» աշխատող մեր քաղաքացիները մտավախություն չունեն ՀԴՄ տպելու հարցում, քանի որ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվում են հարկերից, այնուհանդերձ դրա տակ լուրջ ռիսկ կա թաքնված։ Շրջանառությունների լիարժեք արձանագրումը բերելու է նրան, որը շատերը դուրս են մնալու միկրոբիզնեսից և հայտնվելու են շրջանառության հարկի դաշտում։ Ու նրանց իրական եկամուտները ոչ թե ավելանալու են, այլ մի բան էլ պակասելու են։
Թեև արդեն տարիուկես շահարկվում է միկրոբիզնեսի թեման, միևնույն է, նման մոտեցումներով այն ցանկալի արդյունք չի տալու։ Ու դրանում կառավարությունը շատ արագ համոզվելու է։ Դրա հետ կապված խնդիրներն ավելի շատ են լինելու, քան արդյունքները։
Անշուշտ, այսօր Հայաստանում ստվերային մեծ շրջանառություններ կան, որոնց դեմ պետք է պայքարել։ Բայց դա ամենևին չի նշանակում, թե ստվերից ազատվելու միակ ելքը տոտալ վերահսկողությունն է։ Հարկային այսօրվա բեռի պայմաններում այն սպառնալու է բիզնեսի գոյությանը։
Այնպես չէ նաև, որ վարչապետի հայտարարած ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը կամ դրանցով արձանագրված շրջանառությունների աճը բացառապես ստվերի կրճատման արդյունք է։
«2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ, դուրս է գրվել 106,609,299 ՀԴՄ կտրոն ավելի։ Սա աստղաբաշխական թիվ է, և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է շուրջ 303 միլիարդ դրամից ավելի առևտրաշրջանառություն»,- ասում է վարչապետը։ Բայց նա մոռանում է, որ բազմաթիվ նոր ոլորտներ և տնտեսվարողներ են հայտնվել այս դաշտում, որոնք նախկինում դուրս էին դրանից։
Այս տարվա սկզբից միայն 25 հազար նախկինում գործող տնտեսվարողի համար հսկիչ մեքենաների կիրառումը դարձել է պարտադիր։ Ու դա չէր կարող ազդեցություն չթողնել տպվող ՀԴՄ կտրոնների թվի, ինչպես նաև դրանցով արձանագրվող շրջանառությունների վրա։