Անկոտրում Լոռին. Հետհայացք Բարձրագույն խմբի առաջին շրջանին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության համար տարին ավարտված է: Բոլորիս կողմից սիրված առաջնությունը «խորը քուն» է մտնում և կվերադառնա փետրվարի վերջին:

Ամփոփում ենք թիմերի ելույթները աշնանային հատվածում: Սկսում ենք նորաթուխ առաջատար «Լոռիից»:

«Լոռի». 15 հանդիպում, 8 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 3 պարտություն

Վանաձորյան թիմն ընթացիկ առաջնության դեռևս ամենաքիչ պարտություն կրած թիմն է: «Լոռին» սեպտեմբերին 2 անընդմեջ պարտություններից հետո («Արարատից» և «Փյունիկից») մրցակցին զիջել է նաև նոյեմբերի վերջին («Ուրարտուից»). մյուս բոլոր խաղերում «Լոռին» կամ հաղթել է, կամ ոչ-ոքի խաղացել:

«Լոռիին» է պատկանում ընթացիկ առաջնության դեռևս ամենախոշոր հաշիվը՝ 8:0. հենց այս հաշվով թիմը հաղթել է «Երևանին»: Իսկ ընթացիկ առաջնության առաջին պենտատրիկը հեղինակել է վանաձորյան թիմի հարձակվող և նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն:

Մարզչի գործոնը

Տարվա սկզբին «Լոռիի» մարզչական ղեկը ստանձնել է իսպանացի Դավիդ Կամպանյան: Նրա և շտաբի շնորհիվ թիմը շատ կոմպակտ տեսք ունի: Առաջատարության հիմնական բաղադրիչներից մեկը հենց Կամպանյայի գործոնն է:

Առաջնային հատկանիշներից մեկն այն է, որ թիմը չի «կոտրվում» ամենակարևոր պահերին: Թիմը ունի կամային հզոր հատկանիշներ, որոնք կարողանում է գործածել անհրաժեշտ պահերին: Փաստ է, որ Կամպանյայի գործունեությունը ուղիղ և անուղղակի առումներով նպաստում են հայկական ֆուտբոլի զարգացմանը: Եթե ավելի վաղ նշվում էր, որ «Լոռին» կազմավորված է բացառապես լեգիոներներից և հայ ֆուտբոլիստների համար հնարավորություններ չկան, ապա այժմ պատկերը բավականին փոխվել է:

Կազմը

Այն, որ լեգիոներներն են թիմի «տոն տվող» ֆուտբոլիստները, դա փաստ է և որևէ փոփոխության չի ենթարկվել: Ջոնել Դեսիրեն վերադառնում է կրակոտ ֆուտբոլին և պատրաստ է դառնալ «Լոռիի» ծանր հրետանին: Մինչև «Երևանի» հետ հանդիպումը նա 5 գոլ էր խփել, նույքան էլ խփեց մեկ խաղում՝ ձեռնոց նետելով ռմբարկուական մրցավազքի առաջատար Մորի Կոնեին:

Մեծ սպասումներ կան երիտասարդներ Ռոբերտ Մինասյանից և Գրիգոր Աղեկյանից: Վերջինս շատ լավ էր մեկնարկել. բելառուսական «Իսլոչից» վերադարձած Գրիգորը 8 ոչ ամբողջական խաղերում 3 գոլ է խփել: Երկու գոլ էլ խփել է Ռոբերտը: Աղեկյանը և Մինասյանը մասնակցած բոլոր 8 հանդիպումներում համապատասպանաբար ընդամենը 140 և 153 րոպե խաղաժամանակ են ստացել:

Իսկական բացահայտում է դարպասապահ Վարդան Շահատունին. 21-ամյա Վարդանը 15 հանդիպումներից 13-ին մասնակցել է՝ բաց թողնելով 13 գոլ. այս արդյունքը երիտասարդ դարպասապահի համար կարող ենք համարել լավ: Շահատունին ամրապնդվել է «1-ին համարի» դիրքում և մրցակցությունից դուրս է թողել բրազիլացի Բրունո Սանթոսին:

Ուրախալի է, որ «Լոռիի» հիմնական կազմում անփոփոխ է փորձառու պաշտպան Արթուր Ավագյանի տեղը. նա նաև վանաձորյան թիմի ավագն է: Ավագյանը, բացառությամբ մեկի, բոլոր հանդիպումներին մասնակցել է, խփել է նաև մեկ գոլ: «Լոռի» վերադարձած 19-ամյա Դավիթ Փարեմուզյանը դեռևս շատ քիչ է խաղալու հնարավորություն ստանում. հեռանկարային ֆուտբոլիստը երկու անգամ փոխարինման է մտել:

Հայաստանի Գավաթ

Երկրի Գավաթի նախորդ եզրափակչի մասնակիցը դուրս է մնացել ընթացիկ խաղարկությունից: «Լոռին» միակ թիմն էր, որն առանց հանդիպում անցկացնելու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, քանի որ մրցակից «Դիլիջանը» հրաժարվել էր հանդիպումից: 1/4 եզրափակչում «Լոռին» նվազագույն հաշվով զիջել է «Ուրարտուին»: Սա էլ փաստում է այն մասին, որ Կամպանյայի և իր թիմի ամբողջ ուժերը կենտրոնացած են առաջնության վրա:

Հայկական ֆուտբոլին մեծ օգուտ տվող թիմը

Սեպտեմբերին «Լոռին» իսկական իրարանցում էր առաջացրել: Նախ Նանա Կվամեն տեղափոխվեց «Լիլ», ապա Իսա Ալիյուն՝ «Ալմերիա»: Սա էականորեն բարձրացրեց հայկական ֆուտբոլի հարգը: Տրանսֆերային առաջիկա պատուհանի ընթացքում «Լոռին» դարձյալ ակտիվ է լինելու:

Բացի այդ հանգամանքը կա ևս մեկ կարևոր կետ: Վանաձորում «Լոռիի» հանդիպումները սպասված են, երկրպագուների թիվը մեծ է: Այո, եղավ մեկ անախորժություն՝ կապված տրիբունաներում բախման հետ, բայց ֆուտբոլը չի կարող դրանից անմասն լինել: «Լոռիի» շնորհիվ Վանաձորը ֆուտբոլային հմայք է ստացել, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

Պայքարը

Այն, որ «Լոռին» իրական պայքար է մղելու չեմպիոնության համար, արդեն իսկ փաստ է: Գրեթե որևէ շանս չկա, որ «Լոռին» դուրս կմնա վեցնյակից, քանի որ 7-րդ տեղի «Փյունիկի» հետ միավորների տարբերությունը 8 է:

Հավելենք, որ առաջնության հիմնական փուլի վերջին 3 հանդիպումներում «Լոռիի» մրցակիցներն են «Ուրարտուն», «Արարատը» և «Շիրակը»:

armsport.am