Պեսկովը՝ Ռոբերտ Քոչարյանի և Պուտին–Փաշինյան հարաբերությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումը կառուցողական է։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանին կալանավորելու փաստը։ Նա նշել է նաև, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ-ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է։

Բացի այդ, Պեսկովի խոսքով` Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։ «Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես և դա պետք է լիներ մեր երկու երկրների միջև»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է նաև, որ 2020–ին Փաշինյանի` ՌԴ պաշտոնական այցի շուրջ աշխատանքներ են տարվում, դեռ հստակ ժամկետներ չկան, սակայն դա շատ արագ կարող է կազմակերպվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։

168.am