«Կարող ենք արձանագրել նաև, որ լուծվել են կարևորագույն հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն նպատակներից մեկն է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, հասարակությունն ու երկիրը:

«15 տարի առաջ, երբ հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, դրա վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, բայց կարող եմ արձանագրել, որ այն Հայաստանում կայացել է: Պետք է արձանագրել, որ այս 15 տարիների ընթացքում ՄԻՊ-ի ու իշխանության հարաբերությունները պարզ չեն եղել: Մարդու իրավունքների առաջին երեք պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը և հրաժարական են տվել: Մենք հույս ունենք, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո մարդու իրավունքների պաշտպանության համար նոր պայմաններ ու միջավայր է ստեղծվել, որտեղ մարդն իսկապես բարձրագույն արժեք է, իսկ նրա իրավունքների պաշտպանությունը՝ կառավարության առջև դրված կարևորագույն խնդիր: Մարդու իրավունքների պաշտպանությունը հենված է այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, մարդկանց անհավասարությունը ստեղծում է կոռուպցիա: Երբ ՀՀ-ն պայքարում է կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ, դա առաջին հերթին անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ օրակարգ կա:

«Կարող ենք արձանագրել նաև, որ լուծվել են կարևորագույն հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի: Մենք ունեցանք 2018 թ. խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն էին, որ լայնորեն գնահատվեցին տեղական և միջազգային բոլոր դիտորդների կողմից որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարական»,- նշեց Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը ամեն օր, ամեն ամիս ու ամեն տարի ավելի կլավանա, և դա կլինի կառավարության ու ՄԻՊ-ի համագործակցության արդյունքում:

168.am