Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքնա ժամանակ, քանի դեռ ունեմ ժողովրդի վստահությունը: Երբ այդ վստահությունը չունենամ, որևէ մեկին չեմ թողնի նույնիսկ ակնկարկի դրա մասին: Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար: Այս մասին Միլանում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, ղեկավարը, որը չունի երկրի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այն. «Մեր օրոք այդպիսի իշխանություն և այդպիսի իրավիճակ չի լինելու»:
Հիշեցնենք, որ 1996 թվականին երկրորդ անգամ Հայաստանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ չընդունեց այդ ընտրությունների արդյունքները, հայտարարեց, որ դրանք կեղծված են, ինչին հաջորդեցին ԱԺ-ի մոտ ու ԱԺ-ում հայտնի իրադարձությունները: