Տեսանյութ կա, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հանդիպում քրեական հեղինակությունների հետ. Իմ քայլի պատգամավոր

Եթե պետությունը թույլ լինի, եթե հանդուրժի այս երևույթը, եթե խրախուսի այս երևույթը, պետք չէ զարմանալ, որ կարող է քրեական ենթամշակույթ առաջանալ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, թե տեսանյութեր կան, որ պետական իշխանության մեջ գտնվող մարդիկ ընդհանուր խնջույքների ժամանակ հանդիպել են քրեական աշխարհի հեղինակությունների հետ՝ իմանալով, թե ովքեր են նրանք:

Իմ քայլի պատգամավորի խոսքերով, քերական ենթամշակույթն առաջանում է այն ժամանակ, երբ մարդն իր խնդիրների լուծումը, արդարությունը չի տեսնում պետական ինստիտուտների մեջ. «Նա փնտրելու է իր խնդիրները լուծողների, ինչի արդյունքում ստեղծվելու են ալտերնատիվ ինստիտուտներ: Դա պետության, պետական ինստիտուտների թուլության նշան է: Բայց եթե դա ինչ-որ ժամանակ ակտուալ է եղել, հիմա այդպես չի լինելու: Պետության մեջ պետություն հիմա չի լինելու, մարդկանց խնդիրները լուծելու է պետությունը: Պետությունը նման լեգիտիմություն ունի»:

Պատասխանելով հարցին, թե օրինակ ովքեր են հանդիպել քրեական աշխարհի հեղինակությունների հետ, Գրիգորյանն ասաց՝ Սերժ Սարգսյանը. «Եթե անուն ազգանուն եք ուզում, ու դրա անհրաժեշտություն կա, ուրեմն ես առնվազն մեկ տեսանյութ տեսել եմ: Եթե իրոք չգիտեք այդ տեսանյութի մասին, հարցրեք մյուս լրագրողներին, կասեն»:

analitik.am