Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

2019-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 234 հոդված, որոնցից 41-ը եղել է բացասական, 31-ը՝ դրական, 162-ը՝ չեզոք։

Տիկին Աննա Հակոբյանի մասին դիտարկված հոդվածների մեջ բացասականներն ավելի շատ են։ Ըստ հրապարակման, նախկինում Սամվել Ալեքսանյանին օլիգարխ էին համարում, այժմ նրան անվանում են գործարար։ Աննա Հակոբյանը մշտապես ներկա է գտնվում գործարանների կամ ընկերությունների բացումներին, սելֆիներ անում, լուսանկարվում, նրանց արտադրած տրիկոտաժն անձամբ գովազդում է։

Մեկ այլ հրապարակման համաձայն, Աննա Հակոբյանը հայկական նախշազարդերով մուշտակ է պատվիրել։ Հրապարակման մեջ նշվում է, որ մուշտակները թանկարժեք են, բայց նաև նշվում է, որ նոր իշխանությունները սովոր են դրանք նվեր ստանալ, իսկ հայ դիզայներները սկսել են դժգոհել այդ մոտեցումից։

Քննադատվում է «Դվին» հյուրանոցում կազմակերպված «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի գալա-ընթրիքը։ Ինչպես նախորդ տասնօրյակում, այնպես էլ այս՝ քննադատության հիմնական թեման գումարներ հավաքագրելու մեթոդաբանությունն է։ Հիշեցնենք, որ հրավերի հետ մասնակցիներին ուղարկվել էր մասնակցության մուտքավճարի չափը։

Հրապարակումներից մեկում անդրադարձ է կատարվել ՊԵԿ-ին․ ««Զվարթնոցի» մաքսատանը, որտեղ պետը հեղափոխությունից հետո նախկին զինդատախազ, դեռևս ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանին զինակից Գագիկ Ջհանգիրյանի դստեր ամուսինն է՝ Անրի Վարդանյանը, իսկ ՊԵԿ գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ներսիսյանը, մամուլի հրապարակումների համաձայն՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մտերմուհին է, գուցե այդ ճանապարհով նշանակվել է համակարգում ՊԵԿ-ի տեղակալ»:

Վերլուծականներից մեկում ասված է, որ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հաճախ են դժգոհում մամուլից։ Հրապարակման համաձայն, եթե իրենք իրենց զոհ են համարում, դա միայն իրենց հռչակած սկզբունքների պատճառով է. «Այդ հրապարակումներն առաջնորդվում են Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքով՝ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք: Առանց էթիկայի հակալրագրության հիմնադիրներից մեկն է հենց Նիկոլ Փաշինյանը»։

Դրական է գնահատվել այն հոդվածը, ըստ որի՝ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 8-ին ներկա է գտնվել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին։ Գալա-ընթրիքին ներկա են գտնվել Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, ‹‹Joef Gipsy kings Family›› խմբի մենակատար Ջոեֆ Ֆարգիերը, բազմաթիվ հայտնի դեմքեր։ ‹‹Ազնավուր հիմնադրամն›› էլ 10 մլն դրամ է նվիրաբերել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամին։ Վարչապետի և Աննա Հակոբյանի «գործած» գորգն էլ իր հերթին վաճառվել է 30․000 դոլարով։ Այդ գումարը փոխանցվելու է հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։


Tert.am